211652_close_icon
views-count2141 դիտում article-date 22:30 20-09-2019

Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-18-ը Իտալիայի Սենատի արտաքին գործերի եւ արտագաղթի կոմիտեի նախագահ Վիտո Պետրոչելիի հրավերով աշխատանքային այցով մեկնել էր Հռոմ՝ Իտալիայի խորհրդարանում մի շարք հանդիպումների մասնակցելու նպատակով: Իտալիա մեկնած ԱԺ պատվիրակության կազմում է եղել նաեւ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը: Այցի շրջանակում սեպտեմբերի 17-ին Ռուբեն Ռուբինյանը եւ Մարիա Կարապետյանը հանդիպել են Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի եւ անդամների, ինչպես նաեւ Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի եւ նույն բաժնի անդամների հետ: Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի հետ: Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը Պատգամավորների պալատի իր գործընկերոջը ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացները, խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթություններն ու գերակայությունները՝ այս համատեքստում ընդգծելով Իտալիայի խորհրդարանի՝ որպես խորհրդարանական կառավարում ունեցող երկրի օրենսդիր մարմնի հետ առավել սերտ փոխգործակցության կարեւորությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 2019 թվականի ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը: Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Պատգամավորների պալատի կողմից ընդունված որոշումը, ինչը կարեւոր ներդրում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, այս համատեքստում ընդգծել Իտալիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը: Հանդիպման ավարտին Ռուբեն Ռուբինյանը հրավիրել է իր գործընկերոջը աշխատանքային այցով լինել Հայաստանում: Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 18-ին հանդիպել է նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում կայացած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-իտալական հարաբերությունների օրակարգային հարցերին: Ռուբեն Ռուբինյանը Սենատի իր գործընկերներին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա զարգացումները: Հանդիպման ավարտին Ռուբեն Ռուբինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Սենատի իր գործընկերոջ հետ՝ վերջինիս Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ալվիզե Մանիերոյի եւ ՆԱՏՕ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ֆրուզոնե Լուկայի հետ: Վերոնշյալ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարթակներում համագործակցությանը՝ առաջնային համարելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում արդյունավետ փոխգործակցությունը:

Նմանատիպ նյութեր