211652_close_icon
views-count77645 դիտում article-date 19:35 06-12-2018

70 հազար ԱՄՆ դոլար արժողության ապրանքների գողություն Լոռու մարզի հյուրանոցներից մեկից. սեփականատիրոջ հույսը մարզի ոստիկանապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 44-ամյա Աշոտ Այվազյանը ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է տվել, որ դեկտեմբերի 4-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 5-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք ապօրինի ներս են մտել Ամրակից գյուղի կենտրոնական փողոցի 59 տան հարևանությամբ գտնվող «Սիրվեն Շահբազյան» ԱՁ-ին պատկանող, չգործող ու չպահպանվող հյուրանոցային համալիր, կոտրել մուտքի դուռը, այնուհետև տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել պատուհանի ապակին և մտել հյուրանոցային համալիր: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, է գողը կամ գողերը տակնուվրա են արել ողջ հյուրանոցային համալիրի 2 հարկերը, այնտեղից գողացել մեծ քանակի հեռուստացույցներ, սառնարաններ, ջրատաքացուցիչներ, կենցաղային իրեր, ջեռուցման կաթսա, վարագույրեր, արդուկներ, լվացքի և քիմմաքրման համար նախատեսված հատուկ հեղուկներ, ինչպես նաև հատուկ լվացքի և հարդարման ապարատ և այլ իրեր: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Չթչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հյուրանոցային համալիրի սեփականատերն ասում էր. «Առավոտյան մեր աշխատակիցը, գալով աշխատանքի վայր, նկատել է, որ մուտքի դուռն ու պատուհանի ապակին կոտրած է: Արդեն դրսից նայելով ներս, հասկացանք որ տեղի է ունեցել գողություն ու ահազանգել ենք ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել են, արձանագրել են գողության փաստը, սակայն, ճիշտն ասած, հույս էլ չունեմ, որ հանցագործները ու գողացած ապրանքները կհայտնաբերվեն: Տարիներ առաջ նույն տարածքից անասնագողության դեպք տեղի ունեցեավ, մի քանի խոշոր եղջերավորների տարան, դա էլ մինչև առ այսօր բացահայտված չի: Սա մի մարդու ձեռագիր չի, սա մի քանի հոգու արած է ու հաստատ բեռնատարով են եկել, քանի որ թե՛ սառնարանները, թե՛ հեռուստացույցները, և թե՛ լվացքի հատուկ ապարատները 5-6 հոգով մի կերպ ենք տեղադրել: Ցավալի է, որ նման ստոր քայլի են դիմել, էս հյուրանոցային համալիրում մարդիկ էին աշխատում, իրենց օրվա հացի փողն էին առնում: Ամանորին ընդառաջ պատվերներ էինք վերցրել ու այդ մարդիկ Ամանորը այստեղ էին անցկացնելու: Նախօրոք էլ կանխավճարներ էին կատարել, հիմա ստիպված պետք է գումարը հետ վերադարձնեմ ու հույսով նստեմ թախտին, սպասեմ բախտին, թե երբ են ոստիկանները հանցագործությունը բացահայտելու: Ես ընդունում եմ, որ մեղավորություն էլ ունեմ, որ տեսախցիկներ չեմ դրել, ուղղակի զարմանում եմ նաև, որ ոչ մի օր գողություն չարեցին, իսկ գողությունից մեկ օր առաջ պահակը խնդրել էր, որ բացակայի հարգելի նպատակներով ու երևի տեղեկացված են եղել, որ մարդ չկա, իրենց սև գործն արել են: Խնդրանքս է՝ Լոռու մարզի ոստիկանապետին, որպեսզի իր հսկողությայն տակ պահի հանցագործության բացահայտումը, քանի որ Ստեփանավանի ոստիկաններից հույս չկա, նրանք միայն լավ թուղթ լրացնող են»: Ֆոտոլրագրողի հետ զրուցում հյուրանոցի սեփականատերն ասում էր նաև, որ ինքը կրել է մոտ 70 հազար դոլարի վնաս. 60 հազարը՝ նկատի ունենալով ապրանքները, իսկ մնացածն էլ կրած վնասը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր