1939 դիտում
23:00 30-11-2018
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում (Բաղրամյան 24) կմեկնարկի «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1988թ-ի աղետալի երկրաշարժին:
Գիտաժողովի նպատակն է համախմբել առաջատար, ինչպես նաև երիտասարդ գիտնականներին՝ ներկայացնելու իրենց զեկույցները և փորձով կիսվելու, ինչպես նաև քննարկելու այս բնագավառում առկա նորարարությունները և հետագա մարտահրավերները:
Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 100 գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Իրանից, Տաջիկստանից, Թուրքիայից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ղրղստանից, Հոլանդիայից, Ճապոնիայից, Քաթարից, Բելգիայից և Կանադայից:
Հայաստանը դեռ պատմական ժամանակներից տուժել է ուժեղ երկրաշարժերից, որոնց մասին վկայում են բազմաթիվ պատմական գրավոր աղբյուրներ և մասնագիտական հետազոտությունների արդյունքներ: Բավական է նշել միայն այն փաստը, որ հայոց 12 մայրաքաղաքներն էլ տուժել են տարբեր երկրաշարժերից:
Սպիտակի 1988թ. Երկրաշարժը մասնագիտական տեսանկյունից չի համարվում բացառիկ երևույթ, քանի որ երկրագնդի վրա տարեկան 15-20 այդ ուժգնության երկրաշարժեր են լինում: Սակայն այն հայտնի և բացառիկ է իր ծանր հետևանքներով և համարվում է աշխարհի մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրված երկրաշարժերից մեկը:
30 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժը պատճառ հանդիսացավ մոտ 25 հազար զոհերի և 15-20 միլիարդ ԱՄՆ դոլար նյութական կորուստների այն պատճառով, որ թերագնահատվել էր սեյսմիկ վտանգի աստիճանը և հատկապես խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերը ունեին ցածր որակ:
Երկրաշարժի հետևանքով առաջացած հասարակական ցնցումը նոր մակարդակի հասցրեց սեյսմոտեկտոնական գիտելիքները, երկրաշարժերի երկրաբանությունը և սեյսմիկ վտանգների գնահատումը Հայաստանում: Այն նաև կարևոր խթան հանդիսացավ երկրում ակտիվ տեկտոնիկայի և պալեոսեյսմաբանական ուսումնասիրությունների համար և նպաստեց միջազգային համագործակցությանը:
Գիտաժողովը կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը և կներառի նաև այցելություն դեպի Գյումրի և էպիկենտրոնային գոտի:
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
[b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին