Թանկացումների մասին իրարամերժ խոսակցություններից զերծ մնալու համար գյուղնախարարությունը ուսումնասիրում է կարտոֆիլի, ձվի, լոլիկի, մսի և պանրի շուկաներում
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեծ սպառման ծավալ ունեցող ապրանքների շուկաներում ուսումնասիրություններ է կատարում՝ գների թանկացման մասին իրարամերժ խոսակցություններից զերծ մնալու համար։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, կարտոֆիլի քիչ բերքի պատճառով ձմռանը խնդիրներ առաջանան, այդ թվում`գնի բարձրացում լինի։
Գ. Գևորգյանը մանրամասնեց, որ այդ մթերքներն են կարտոֆիլը, ձուն, լոլիկը, միսը, պանիրը և վարունգը։
«Մենք ուսումնասիրություն կանենք և տեղեկատվությունը կներկայացնենք ձեզ։ Իհարկե, Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրություն ունենք, որտեղ թվերի լուրջ փոփոխություն չկա, սակայն մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա ուսումնասիրություններ ենք կատարում»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը։