211652_close_icon
views-count3244 դիտում article-date 19:37 28-11-2018

Երկրապահները նշեցին 5-րդ բրիգադի կազմավորման օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 26-րդ տարեդարձն է: Արցախյան պատերազմի ամենաթեժ օրերին կազմավորված 5-րդ բրիգադը պաշտպանության բանակից հետո ամենամեծ բանակային կազմավորումն էր: Սա կամավորականների և զինծառայողների գործակցությամբ ձևավորված առաջին խոշոր կազմավորումն էր, որում ընդգրկվեցին ջոկատներ, գումարտակներ Հանրապետության բոլոր տարածքներից և Արցախից: Բրիգադի առաջին հրամանատարը Ռեմիկ Մարդանյանն էր, որի գլխավորությամբ էլ կամավորականները կատարել են առաջին ռազմերթը: Սակայն առավել հաղթանակաբեր էին 5-րդ բրիգադի իրականացրած հաջորդ ռազմերթերը Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ, երբ լեգենդար բնորոշմանն արժանացած այս բրիգադն ազատագրել, պաշտպանել է Արցախի ավելի քան 80 բնակավայր, այդ թվում՝ խոշոր քաղաքներ Մարտակերտը, Ֆիզուլին, Հադրութը՝ հարակից գյուղերով: Հերոսական մարտուղի անցած բրիգադի օրվա առթիվ եռասերունդ երկրապահները ծաղկադրեցին ԵԿՄ վարչությունում ի փառս 5-րդ բրիգադի խաչքարը, ապա հիշատակի և հարգանքի միջոցառումը շարունակվեց Հանրապետական հավաքակայանում տեղադրված, բրիգադին նվիրված հուշակոթող-խաչքարի մոտ, որտեղից իր մարտուղին է մեկնարկել կամավորական բրիգադը: «Ցավալի է, որ այսօր մեր հրամանատար Մանվել Գրիգորյանը մեզ հետ չէ, սակայն անուրանալի է Արցախյան ազատամարտում գեներալի ներդրումը: Նրա անսասան կամքի, վճռականության շնորհիվ մեր բրիգադի ռազմերթերն հաղթանակով էին ավարտվում»,- ասում է 5-րդ բրիգադի ազատամարտիկ Արտուշ Բալյանը: «5-րդ բրիգադն իր հերոսական մարտական ուղին արյունով և ոսկե տառերով է գրել մեր պատմության էջերում»,- հիշում է բրիգադի հրամանատարի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը: «Ձեր մարտական ուղին լի է մաքառումներով, զրկանքներով, բայց և փայլուն հաղթանակներով: Այն հաղթանակը, որ դուք պարգևեցիք մեր ժողովրդին, բրիգադի սիրելի՛ երկրապահներ, անգնահատելի է: Փառք ու պատիվ ձեզ:»,- բրիգադի ազատամարտիկներին շնորհավորեց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը: Երկրապահ-ազատամարտիկները շնորհավորեցին նաև Զորավար Մանվել Գրիգորյանին, առողջություն մաղթեցին և հույս հայտնեցին, որ դեռ առիթ կունենան իրենց հրամանատարի խոսքը լսելու: Բրիգադի 26-րդ տարեդարձի առթիվ երկրապահական պարգևների արժանացան 5-րդ բրիգադի երկրապահ - ազատամարտիկներ: Երկրապահական եռասերունդ ընտանիքը եղավ Եռաբլուրում՝ խոնարհվելու հայոց պետականության կայացման և զորեղացման, Արցախի սահմանների պաշտպանության համար նահատակվածների շիրիմների առաջ: Ավելին՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր