211652_close_icon
views-count3948 դիտում article-date 18:23 28-11-2018

Սերժ Սարգսյանի եղբայրը պատրաստակամություն է հայտնել այդ 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե. Նիկոլ Փաշինյան

Ես հայտարարել եմ, որ այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտ 64 միլիարդ դրամի չարաշահումներ, յուրացումներ եւ այլ քրեական գործեր են հարուցված, բայց նաեւ հնչում են շեշտադրումներ, թե ինչու այդ գումարների վերադարձը այն արագությամբ չի լինում, որքան մենք կուզեինք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Մեզ համար շատ կարեւոր է, որ պահպանվի եւ պաշտպանվի օրինականությունը: Այդ գումարները կվերադարձվեն այսօրվա օրենքների համաձայն, երբ դատաքննությունն ավարտվի, դատավճիռ լինի»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ դատական գործերի գործընթացը դանդաղ է ընթանում: «Եվ ահա այդ գործընթացն արագ անցկացնելու համար է, որ մեր նախընտրական ծրագրում հիշատակված է անցումային արդարադատությունը որպես մեր երկրի հետ կապված խնդիրները լուծելու միջոց»,- ասաց նա՝ նշելով, որ դա նշանակում է, որ շատ դեպքերում այդպիսի գործերը կարող են եւ պետք է այլ լուծում ստանան: Փաշինյանը բերեց Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար, «Գոլդեն Փելըս» հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի օրինակը: Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե Արմեն Ավետսյանն ի՞նչ է արել, որ այդքան խոսում են նրա մասին, որից հետո ԱԱԾ-ն հրապարակեց մի տեսանյութ «Գոլդեն Փելըս» հյուրանոցի բացման մասին եւ ներկայացվում էր, որը ներկայացվում էր որպես օտարերկրյա ներդրում. «Իրականում դա Հայաստանում աշխատված կոռուպցիոն փողերը տարել Կիպրոսով պտտել, բերել էին Հայաստանում հյուրանոց էին կառուցել: Հիմա ինձ տեղեկացնում են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել է, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը: Կա քրեական գործ, բայց ըստ ամենայնի, նաեւ հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար նրանք այսպիսի քայլի են դիմել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա պետք է հյուրանոցը հանեն հրապարակային աճուրդի, որը նույնիսկ մինչեւ 20 միլիոն դոլար կարող է արժենալ, եւ փողերը մուտքագրել բյուջե: Նա անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկայինհաշիվներից մեկում առկա 30 մլն դոլարին՝ նշելով. «Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, որ պատրաստ է այդ գումարների մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Ինձ ասում են, որ վերջերս նա պատրաստակամություն է հայտնել ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե, որպեսզի չսպասենք այդ պրոցեդուրաներին: Ընդհանուր առմամբ այս բոլոր գումարները պետք է վերադարձնենք: Պետք է առաջին հերթին դրանք ծախսվեն մեր զինված ուժերի վրա»:

Նմանատիպ նյութեր