211652_close_icon
views-count11902 դիտում article-date 14:39 26-11-2018

Հայրենասերների խաղերը երաժշտական աշխարհում

«Չէ՞ որ ես հենց այնպես չեմ նշանակվել»,- վստահեցնում է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը: Կադրային քաղաքականությունը, որն իրականացվում է Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի կողմից, հատկապես նախընտրական փուլում, մեղմ ասած, զարմանք է հարուցում: Տպավորություն է ստեղծվում, թե նրա առջև խնդիր է դրված ոչ միայն փոխարինել համալսարանների ու ինստիտուտների ռեկտորներին, այլև կազմալուծել այդ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության կառուցվածքը: Նախարարությունն այդ քայլին է գնացել՝ ելնելով «փոփոխված իրավիճակից», սակայն մինչև վերջ չհաշվարկելով այդ քաղաքականությունից բխող ողջ հետևանքները: Թվում էր, թե ռեկտորներին համապատասխան փոխարինող դժվար է գտնել: Չէ՞ որ բավարար չեն գիտական աստիճանն ու գիտական կոչումը, անհրաժեշտ է գտնել այնպիսի թեկնածու, որն իր մեջ միավորի այդ երկու գործոնները: Ի հավելումն՝ նա պետք է ունենա ղեկավար աշխատանքի նվազագույնը եռամյա փորձ և, անպայման, լինի «մերոնքական»: Կոնսերվատորիայի ռեկտորի նշանակման օրինակից երևում է, որ կադրային քաղաքականության մեջ այն կարգախոսները (ընկեր, քավոր, ծանոթ), որոնց մասին պաշտոնապես հայտարարում և շարունակ խոսում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հեշտությամբ անտեսում և շրջանցում է նրա համախոհը՝ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Սկսենք նրանից, որ կոնսերվատորիայի ռեկտորի նոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը ղեկավար վարչական պաշտոնում աշխատանքային փորձ չունի: Մի բան է դահլիճից ղեկավարելը կամերային երգչախմբին, որի մեջ ընդգրկված է երկու տասնյակ երգիչ, այլ բան՝ ղեկավարել ավելի քան հազար մարդու կոնսերվատորիայում: Ի գիտություն՝ Սոնա Հովհաննիսյանը որպես ռեկտոր աշխատանքի ընդունվելու դիմումը գրել է սխալներով: Կոնսերվատորիայում գործում է կառավարման Խորհուրդ, որն իրականացնում է իր գործառույթները: Ըստ մի քանի տեղեկությունների, պետք է ձևավորվի նոր Խորհուրդ: Տարօրինակ է, որ Խորհրդի նախագահի պաշտոնին հավակնում է երգահան Լևոն Չաուշյանը, ով իհարկե բացահյտ չի խոսում այդ մասին, ավելին՝ հեևքում է։ Հետաքրքիր է, որ նախկին Խորհրդի անդամներին ոչ ոք չի ազատել: Նույնիսկ ժամանակ չեն գտել նրանց տեղեկացնելու, որ ազատված են: Իսկ նրանք ժողովրդական արտիստներ են, պրոֆեսորներ, երաժշտական ուսումնական հաստատությունների ղեկավարներ, երաժշտական աշխարհում բավականին հարգված մարդիկ: Մինչդեռ երկրի իշխանությունը չի դադարում խոսել ժողովրդավարությունից: Սոնա Հովհաննիսյանն ինքը, աշխատանքային առաջին իսկ օրը, միանգամից կադրային մաքրություն սկսեց: Հեռացվեց պրոռեկտոր, գիտության դոկտոր, պրոֆեսոր, երաժշտագետ, միջնադարյան և հոգևոր երաժշտության ականավոր մասնագետ, Կոմիտասի ստեղծագործության մեծ գիտակ Մհեր Նավոյանը: Իսկ նրան փոխարինեց երաժշտագետ-դասուսույց Ծովինար Մովսիսյանը՝ Սոնա Հովհաննիսյանի ընկերուհին: «Հրապարակ» թերթին տրված հարցազրույցում Սոնա Հովհաննիսյանը նշել է, որ իր նշանակվելով՝ կոնսերվատորիայում տեղի է ունեցել «իրավիճակի փոփոխություն», և, բնականաբար, դա պետք է շարունակվի: Հարկ է ենթադրել, որ հերթում են նաև մյուս պրոռեկտորներն ու դասախոսները: Ինչ է սա, եթե ոչ տասնյակ տարիների ընթացքում ձևավորված կանոնակարգված կառույցի փլուզում: Ներկայումս կոնսերվատորիայում աուդիտ է իրականացվում: Ըստ միևնույն հարցազրույցում Սոնա Հովհաննիսյանի խոսքերի՝ նա աուդիտից կառուցվածքային փոփոխություններ է ակնկալում: Թեև ինչ կապ ունի աուդիտն այդ փոփոխությունների հետ, անհասկանալի է: Աուդիտն, ի դեպ, կավարտվի Ազգային Ժողովի ընտրությունների նախօրեին կամ նույն օրը: Այժմ Սոնա Հովհաննիսյանը հանդիպում է ուսանողների հետ: Ըստ իր խոսքերի՝ ուզում է իմանալ ուսանողների պահանջներն ու խնդիրները, որպեսզի, համապատասխանաբար, հարաբերություններ կառուցի դասախոսների հետ, թեև տրամաբանական կլիներ հակառակը: Հովհաննիսյանն ինքը երկար տարիներ դասախոսում է կոնսերվատորիայում, և ըստ լուրերի չէ, որ ծանոթ է ուսանողների խնդիրներին: Թե որն է այդ հանդիպումների իմաստը, անհասկանալի է: Թերևս, կարելի է բացատրել պոպուլիզմով, դուր գալու, նրանց առաջ «մերոնքական» ներկայանալու ցանկությամբ: Դեռևս երգչախումբը ղեկավարելիս՝ Սոնա Հովհաննիսյանը սիրում էր խաղալ մի քանի լարերի վրա: Օրինակ, սովորություն ուներ դժգոհություն հայտնել, «լացել»՝ հավելյալ դիվիդենդներ ստանալու համար: Թեև, մեղք է դժգոհելը: Նրա հանդեպ բարեհաճ են եղել և՛ Մշակույթի նախկին նախարարը, և՛ նախագահի ապարատը, և՛ անձամբ առաջին տիկինը: «Հովեր» երգչախումբն ընդգրկված է եղել Հայաստանի և Արցախի բազմաթիվ երաժշտական նախագծերում, որոնք հովանավորների պակաս չեն ունեցել: Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» երգչախումբը ֆինանսական դժվարություններ չի կրել այդ՝ այն ժամանակ ազդեցիկ մարդկանց հովանավորչության շնորհիվ: Սակայն Սոնա Հովհաննիսյանը նախընտրում էր, որ այդ ոչ փոքր գումարները փոխանցվեին իր կողմից վերահսկվող հաշվեհամարին, որոնք հետո տնօրինում էր իր հայեցողությամբ: [b]Աշոտ Սիմոնյան [/b]

Նմանատիպ նյութեր