211652_close_icon
views-count2006 դիտում article-date 15:07 26-11-2018

Հոկտեմբերին պարենային ապրանքների գներն ընկել են

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության տարածած հայտարարության, պարենային ապրանքների միջազգային գները հոկտեմբեր ամսին նվազել են մայիսից ի վեր ամենացածր մակարդակի, քանի որ կաթնամթերքի, մսի եւ բուսական յուղերի նվազող գները ավելի քան չեզոքացրել են շաքարի գների աճը։ ՊԳԿ Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների փոփոխության չափման միջոց է, հոկտեմբերին կազմել է 163.5 կետ, ինչը 0.9 տոկոսով ցածր է սեպտեմբերի ցուցանիշից եւ 7.4 տոկոսով ցածր է մեկ տարի առաջ արձանագրված մակարդակից։ ՊԳԿ Կաթնամթերքի գնային ինդեքսը գլխավորում է անկման ընդհանուր աղյուսակը՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատությամբ նվազելով 4.8 տոկոսով, եւ 34 տոկոսով զիջելով 2014 թվականի փետրվարին գրանցված ամենաբարձր ցուցանիշին։ Ավելի ցածր գներն արտացոլում են արտահանման ծավալների մեծացում կաթնամթերքի բոլոր հիմնական ապրանքատեսակների գծով, հատկապես՝ Նոր Զելանդիայից։ ՊԳԿ Մսի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ նվազել է 2.0 տոկոսով, երբ հիմնականում արտահանման ավելացած ծավալների պատճառով անկում են գրանցել թե՛ գառի, թե՛ խոզի, թե՛ տավարի եւ թե՛ թռչնի մսի գները։ ՊԳԿ Բուսական յուղերի ինդեքսն իջել է 1.5 տոկոսով. այս ցուցանիշը նվազում է իններորդ ամիսն անընդմեջ՝ հասնելով 2009 թվականի ապրիլից ի վեր ամենացածր մակարդակին։ Վերջին անկումը հիմնականում պայմանավորված էր արմավենու յուղի ներմուծման պասիվ պահանջարկով եւ այս ապրանքատեսակն արտահանող հիմնական երկրներում առկա խոշոր պաշարներով։ Սոյայի յուղի միջազգային գները մի փոքր բարձրացել են։ ՊԳԿ Հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը սեպտեմբերի ցուցանիշի համեմատ աճել է 1.3 տոկոսով՝ հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներից եգիպտացորենի գնային ավելի բարձր առաջարկների հետեւանքով։ Ի հակադրություն, բրնձի գներն անկում են գրանցել՝ մասնակիորեն արժութային տատանումների արդյունքում, որոնք ազդել են «Japonica» սորտի եւ բրնձի բուրավետ սորտերի վրա։ ՊԳԿ Շաքարի գնային ինդեքսը կտրուկ աճել է 8.7 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում արտադրության՝ կլիմայական պատճառներով բացասական կանխատեսումներով, ինչպես նաեւ Բրազիլիայի շաքարեղեգի բերքի ավելի մեծ մասնաբաժինը էթանոլի արտադրության նպատակով օգտագործելու նշաններով։ Հացահատիկային մշակաբույսերի արտադրության կանխատեսվող ծավալներն աճել են ՊԳԿ-ն նաեւ վերանայել է հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության 2018 թվականի ծավալների իր կանխատեսումները՝ մինչեւ 2,601 միլիոն տոննա, ինչը գլխավորապես պայմանավորված է Կանադայում եւ Չինաստանում ցորենի արտադրության ծավալների ավելի բարձր մակարդակի կանխատեսումներով։ Այդուհանդերձ, նոր կանխատեսումը դեռեւս 2.1 տոկոսով զիջում է 2017 թվականին գրանցված ռեկորդային մակարդակին։ Ակնկալվում է, որ այս տարի բրնձի համաշխարհային արտադրության ծավալը կգերազանցի նախորդ տարի արձանագրված բոլոր ժամանակների ռեկորդային ցուցանիշը 1.3 տոկոսով՝ հասնելով 513 միլիոն տոննայի, համաձայն ՊԳԿ-ի վերջին «Հացահատիկի առաջարկի և պահանջարկի» ամփոփագրի, որը նույնպես թողարկվեց այսօր։ Այժմ ցորենի համաշխարհային արտադրության 2018 թվականի ծավալը կանխատեսվում է մոտ 728 միլիոն տոննայի մակարդակի, ինչը կնշանակի 4.3 տոկոսի անկում նախորդ տարվա համեմատությամբ։ Աշնանացան ցորենի տեսակները, որոնք բերք կտան 2019 թվականին, ներկայում ցանվում են Հյուսիսային կիսագնդում, երբ կանխատեսվում է, որ Եվրոպական միությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Հնդկաստանում ընդհանուր առմամբ շահավետ գները կխթանեն ցանքսի ծավալների ավելացում։ Կոշտ անասնակերի համաշխարհային արտադրության ծավալները կանխատեսվում են 1,360 միլիոն տոննայի մակարդակի, ինչը 2017 թվականի համեմատ պակաս է 2.2 տոկոսով։ Որպես կոշտ անասնակեր օգտագործվող մշակաբույսերը ներկայում ցանվում են Հարավային կիսագնդի երկրներում, եւ վաղ կանխատեսումները ցույց են տալիս Հարավային Ամերիկայում եգիպտացորենի ցանքսի ծավալների ընդլայնում։ ՊԳԿ-ն ակնկալում է, որ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային սպառումը կաճի 0.2 տոկոսով եւ կհասնի ռեկորդային 2,653 միլիոն տոննայի, ինչը պայմանավորված կլինի անասնապահական եւ արդյունաբերական նպատակներով եգիպտացորենի օգտագործման ավելի մեծ ծավալներով, հատկապես Չինաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Սպասվում է, որ ցորենի օգտագործումը սպառվող սննդի մեջ կաճի 1.0 տոկոսով, իսկ բրնձի օգտագործումը կաճի 1.1 տոկոսով։ Այժմ կանխատեսվում է, որ 2019 թվականի սեզոնների ավարտին հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային պաշարները կհասնեն գրեթե 762 միլիոն տոննայի, ինչը մոտ 6.5 տոկոսով ցածր է գրանցված ռեկորդային բարձր մակարդակից։ Ակնկալվում է, որ կոշտ անասնակերի պաշարների ընդհանուր ծավալը վեց տարվա մեջ առաջին անգամ կնվազի, մինչդեռ ցորենի համաշխարհային պաշարները կկրճատվեն 4.5 տոկոսով. կրճատումները տեղի կունենան խոշոր արտահանողների կողմից։ Ի հակադրություն, ակնկալվում է, որ բրնձի համաշխարհային պաշարները կավելանան 2.6 տոկոսով՝ հասնելով 176.6 միլիոն տոննայի։ Կանխատեսվում է, որ հացահատիկային մշակաբույսերի միջազգային առեւտրաշրջանառությունը 2017/18 թվականների ռեկորդային մակարդակից կնվազի 1.1 տոկոսով, երբ կկրճատվի ինչպես ցորենի, այնպես էլ բրնձի առեւտուրը։ Կանխատեսվում է, որ կոշտ անասնակերի համաշխարհային առեւտրաշրջանառությունը կմնա նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշին մոտ մակարդակի վրա, ինչը կկազմի մոտ 195 միլիոն տոննա. եգիպտացորենի ծավալները կավելանան, մինչդեռ սորգոյի ծավալները կնվազեն։

Նմանատիպ նյութեր