211652_close_icon
views-count2736 դիտում article-date 22:33 21-11-2018

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որն ստեղծել են հայ ծրագրավորողները: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքային պայմաններին և ընդլայնման ծրագրերին: Հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը նշել են, որ ընկերությունը Հայաստանում ունի 320 աշխատակից՝ ՏՏ, ծրագրերի կառավարման ու դիզայնի ոլորտների մասնագետներ։ 30-ից ավելի աշխատակից էլ ներգրավված է Սան-Ֆրանցիսկոյի գրասենյակի աշխատանքներում։ Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է PicsArt-ում առկա աշխատանքային միջավայրը, որը նպաստում է ստեղծագործական ներուժի լիարժեք օգտագործմանը: Ընկերության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում ՏՏ բնագավառի զարգացմանը և PicsArt-ի հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կրթական, համապատասխան մասնագետներով համալրման խնդիրներին: Երկուստեք կարևորվել է կրթություն-գիտահետազոտություն գործուն կապի ստեղծումը և բուհ-բիզնես-գիտություն շղթայի արդյունավետության բարձրացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է առաջնահերթություն և հետաքրքրված է այս ճյուղը ներկայացնող ընկերությունների հետ համագործակցության, առկա հարցերի քննարկման և փոխշահավետ լուծումների հայտնաբերման հարցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր