Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 64–ամյա վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել երկու 9-ամյա երեխաների. վերջիններին հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝  նոյեմբերի 16-ին,  արտակարգ դեպք  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Աշոտ Հակոբյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 08 52 Լ համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացի  50  շենքի դիմաց վրաերթի է  ենթարկել Գյումրիի բնակիչներ, 9-ամյա Գոռ. Գրիգորյանին և 9-ամյա Մետաքսյա Նազարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխաներին իրենց ծառայողական ավտոմեքենայով Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Ռաֆիկ Մարտիրոսյանն ու տեսուչ Թելման Գրիգորյանը:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ  ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է բժշկական  փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

