«Ազգային շարժումը» չի կարողանա եւ չի վերադառնա իշխանության. Վաշաձե
Միավորված ընդդիմությունից Վրաստանի նախագահի թեկնածու առաջադրված Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, ապա «Ազգային շարժումը» չի կարողանա և չի վերադառնա իշխանության:
Այդ մասին նա ասել է Facebook-ի ուղիղ եթերում, փոխանցում է «Գրուզիա Online»-ը:
Վաշաձեի խոսքով՝ ներկա պահին կուսակցությունն ընդդիմադիր միավորման իրավահավասար անդամներից մեկն է, իսկ բազմակուսակցական կոալիցիան բացառում է դրանցից որևէ մեկի միանձնյա կառավարումը:
«Նախ՝ որովհետև այն մյուս 10 կուսակցությունների հետ միասին միավորված ընդդիմության իրավահավասար անդամն է: Երկրորդ՝ որովհետև սկսվել է քաղաքական լայն ճակատի ստեղծումը, որին արդեն միացել է Հանրապետական կուսակցությունը, և այդ գործընթացը կշարունակվի: Բոլոր այս քաղաքական կուսակցություններն այն բանի երաշխիքն են, որ երկրում ո՛չ «Ազգային շարժման», ոչ էլ «Վրացական երազանքի» միանձնյա կառավարում չի լինելու»,-հավելել է նախագահի թեկնածուն: