5530 դիտում
13:46 12-11-2018
Մահացել է լուսանկարիչ Զավեն Բշտիկյանը
Նոյեմբերի 10-ին, 87 տարեկանում կյանքից հեռացավ հայ լուսանկարչական լրագրության հիմնադիրներից, խորհրդահայ շրջանի ամենագործունյա լուսանկարիչներից մեկը` Զավեն Հովսեփի Բշտիկյանը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի ժուռնալիստների միությունից:
Զավեն Բշտիկյանը ծնվել էր 1930 թվականին Բեյրութում և իր մասնագիտությանը ծանոթացել հենց այնտեղ` դեռահաս տարիքում: 1946 թվականին Հայաստան ներգաղթելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես ֆոտոթղթակից: Այստեղ նա հմտացել է լուսանկարիչ Պարգև Չոլագյանի ղեկավարության ներքո:
Այդ ժամանակից սկսած Զավեն Բշտիկյանն անշրջանցելի մասնակցություն է ունեցել հայաստանյան ֆոտոլրագրությանն ու իր ծանրակշիռ ավանդն է բերել լուսանկարչական լրագրության հայկական դպրոցի կայացմանը:
Իր ավելի քան կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում Բշտիկյանն իր լուսանկարներով հագեցրել է հայկական բացառապես բոլոր թերթերի և ամսագրերի էջերը: «Սովետական Հայաստան», «Հայաստանի աշխատավորուհի», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան», «Գիտություն և տեխնիկա», «Երեկոյան Երևան»… ահա լրատվամիջոցների այն ոչ ամբողջական ցանկը, որոնց էջերում հայ ընթերցողն ամեն օր հանդիպում էր Զավեն Բշտիկյանի լուսանկարներին: Բշտիկյանը կարողացել էր ստեղծել մի ստվար լուսանկարչական պատկերասրահ, որը եզակի է հայ լուսանկարչության պատմության մեջ թե՛ իր ծավալով, և թե՛ իր մշակութաբանական արժեքով: Նրա նատուրալիստական ֆոտոները ներկայացնում էին կյանքի բոլոր բնագավառներում ընդգրկված անհատներին:
Այս ընդարձակ արխիվի մեջ հատուկ տեղ էին զբաղեցնում նորաձևությունը գովազդող լուսանկարները: Այսօր հայաստանյան դիզայնի այս բնագավառի պատմության մասին կարելի է պատկերացում կազմել միայն իր լուսանկարների միջոցով:
Լրագրողական լուսանկարչությունից բացի, Զավեն Բշտիկյանը նաև գեղարվեստական լուսանկարչության ներկայացուցիչ էր: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միութենական մրցույթների: Լենինգրադում կայացած համամիութենական գլխավոր ստուգատեսում արժանացել է հատուկ մրցանակի և արծաթե մեդալի:
Զավեն Բշտիկյանը կյանքի ողջ ընթացքում տարված է եղել նաև գեղանկարչությամբ: Նկարչության հանդեպ այդ սերն ակնհայտ է նրա գունավոր լուսանկարներում, որոնք անկասկած նրա առավել կատարելագործված աշխատանքներն են:
Զավեն Բշտիկյանը հիրավի համարվում է լուսանկարչական լրագրության ականավոր ներկայացուցիչներից մեկը, որի նորարարությունները և ուրույն մոտեցումներն իսկապես հարստացրել են հայ լուսանկարչական դպրոցի ավանդույթները:
[b]Զ. Բշտիկյանի կենսագրությունը
[/b]
Զավեն Բշտիկյանը ծնվել է 1930թ. Բեյրութում, տոհմիկ զեյթունցիների ընտանիքում: Հաճախել է Բեյրութի Մխիթարյան վարժարանը: 1946թ. Ներգաղթել է Հայաստան և անմիջապես աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես ֆոտոթղթակից: Աշխատանքային կեսդարյա գործունեության ընթացքում թղթակցել է հայաստանյան գրեթե բոլոր թերթերին և ամսագրերին: Մասնագիտական գործունեությունն ավարտել է «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես դրա ամենաբազմամյա ֆոտոթղթակից: Հայաստանի անկախացումից հետո թղթակցել է «Մունետիկ» շաբաթաթերթին:
Զավեն Բշտիկյանն ամուսնացած էր: Ուներ 2 որդի և 6 թոռ:
Զավեն Բշտիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին Սան Լազար սգո սրահում` Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ամսի 13-ին ժամը 14:00-ին նույն տեղից:
Նմանատիպ նյութեր
7758 դիտում
19:12 09-01-2015
Դամասկոսում մահացել է արվեստագետ, լուսանկարիչ Վահե Շահինյանը
6370 դիտում
09:41 18-10-2018
Մահացել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը
Այս բաժնից
859 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
700 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
757 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են