49377 դիտում
12:14 22-10-2018
Խոշոր ավտովթար Երևանում. Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են Nissan-ն ու Toyota-ն. 3 վիրավորների մեջ կա 3 ամսական երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Հակոբյանի վարած Nissan մակնիշի 35 ՕR 194 համարանիշի և անհայտ վարորդի կողմից վարած Toyota մակնիշի 35 VM 772 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակիչ, 34-ամյա Վալյա Բերեկչյանը և Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 24-ամյա Ազիզ Արտաեբը, 22-ամյա Նազելի Խաչատրյանը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 3 ամսական Մայա Խարչատրյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Toyota-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+