Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցող ռուս վարորդը՝ խմած վիճակում խոշոր ավտովթարի հեղինակ. նա իրեն օգնողներին ասում էր. «Իմ դեղ ու դարմանը օղին է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության բնակիչ՝ 61-ամյա Վիկտոր Իլյինը իր վարած Volvo մակնիշի EA 4607 50 RUS համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանաարհի 89-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իր ինքնազգացողությունը լավ է։
Վթարի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում. խմածության աստիճանը եղել է բարձր՝ 2.234 ցուցանիշի։
Մինչ ոստիկանները, բժիշկներն ու քաղաքացիները փորձում էին վարորդին ցուցաբերել հոգեբանական օգնություն, նա վերցրեց օղու շիշը և սկսեց կոնծել՝ ասելով, որ իրեն օգնություն պետք չի, իր դեղ ու դարմանը սա է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել տեխնիկայով, որը բերվել էր Ռուսաստանի Դաշնությունից՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման համար։ Այն բարձված է եղել ձայնային ապահովման տեխնիկայով և բեմի կոնստրուկցիայով։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի