211652_close_icon
views-count46052 դիտում article-date 12:05 23-01-2016

Երևանում «Սանիթեք» ընկերության աշխատակիցը՝ խմած վիճակում խոշոր ավտովթարի հեղինակ. MAN աղբատարով արմատախիլ է արել ծառերն ու կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում 48-ամյա Արմեն Զարգարյանն իր վարած MAN մակնիշի 109 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց-Արտաշատի խճուղի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, արմատախիլ արել մի քանի ծառ, այնուհետև բախվել մայթի բետոնե հատվածին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 18 փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և 1-03 շտապ օգնության ծառայությունը, սակայն քաղաքացիների ուժերով մեքենայից դուրս բերված ուղևոր՝ 23-ամյա Արսեն Առուշանյանը տեղում բժշկական օգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ չունի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին մեքենայից դուրս են բերել հրշեջները, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցները: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենան հաշվառված է «Սանիթեք» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ վարորդը տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող Գևորգ Խանաղյանի կարգադրությամբ ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ` 0.68 աստիճան (խմած) վիճակում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված հատվածում տրանսպորտի համար կանգառ է նախատեսված և պարզապես հրաշք էր, որ այդ պահին կանգառում քաղաքացիներ չեն եղել: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև գարեջրի կիսադատարկ շշեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր