211652_close_icon
views-count31190 դիտում article-date 22:17 13-10-2018

Ազգերի լիգա. Խայտառակ եղանք

Ազգերի լիգայի մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Ջիբրալթարին: Այստեղ մեկնաբանությունները ավելորդ են: Սա ոչ թե նույնիսկ վերջն է, այլ՝ վերջի վերջն է, որովհետև Ջիբրալթարից այն կողմ այլևս աշխարհ չկար: Ջիբրալթարը Երևանի Նորք-Մարաշ համայնքից էլ փոքր տարածք ունի, ընդամենը 33 հազ. բնակչություն, իսկ նրա հավաքականը բաղկացած է բացառապես սիրողական ֆուտբոլիստներից. ու այսպես՝ ատամնատեխնիկով, վարկային մասնագետով, ավտոմեխանիկով ու աշխարհագրության ուսուցիչով հասան Երևան և իրենց պատմության մեջ առաջին հաղթանակը տարան պաշտոնական խաղերում: Հաղթեցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից բաղկացած թիմին: Ամոթից կարելի է գետինը մտնել: Ամբողջ աշխարհն է մեր վրա ծիծաղելու: Հենց խաղի սկզբից երևում էր, որ մեր հավաքականի տղաները որոշել են, որ հաղթանակն արդեն իրենց գրպանում է, նրանց գործողություններում կար այնքան ինքնավստահություն, մեծամտություն, իբրև թե մտածում են, թե քանի-0 հաշվով հաղթեն: Իսկ որ տեխնիկական խոտանը ահավոր մեծ էր, որ չէին կարողանում նույնիսկ մի մետրի վրա փոխանցում կատարել, որ նույնիսկ մեր թիմի առաջատարները քուչի մակարդակի խաղ էին ցույց տալիս, դա ոչինչ չէր հուշում: Նույնիսկ 11 մետրանոց հարվածը, որը նշանակեցին ու դա ճակատագրական եղավ, այն բանից հետո եղավ, երբ մեր պաշտպանը փոխանակ գնդակը հեռացնելու, որոշեց մաստեր-կլաս ցույց տալ: Արդյունքում՝ պարտություն: Ջիբրալթարին: Սրանից հետո կարելի է հավաքականը մի որոշ ժամանակով փակել: Միայն երկրպագուներն էին ափսոս, որ մեծ գումարներ վճարելով, հասել էին մարզադաշտ, մեծ հույսերով, մեծ ոգևորությամբ, ու նման խայտառակության ականատեսը դարձան: Հիմա ավելորդ էլ է ասել, թե այս պարտությունից հետո մեր հավաքականը որքան միավոր ունի, որերորդ տեղն է: Որքան հիշում ենք, ոնց որ թե վերջին տեղում չէ: Էլի լավ է: Իսկ խաղի վերաբերյալ տեսանյութի փոխարեն տեղադրում ենք ահա այս քաղաքացու ֆեյսբուքյան գրառումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր