Հայկ Մարությանն առաջինը կլուծի Երևանի աղբահանության և տրանսպորտի խնդիրները
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լիազորությունները ստանձնելուց հետո առաջինը լուծում է տալու քաղաքային տնտեսությանն ուղղված խնդիրներին, մասնավորապես՝ աղբահանությանը: Այս մասին ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հ. Մարությանը։
«Ես համարում եմ, որ առնվազն 2 օպերատոր է անհրաժեշտ աղբահանություն իրականացնելու համար, բայց կա գործող պայմանագիր»,-ասաց նա:
Քաղաքային տրանսպորտին անդրադառնալով՝ Երևանի նորընտիր քաղաքապետն ասաց, որ պետք է հարգվեն բոլոր այն պայմանագրերը, որոնք արդեն կնքվել են:
«Քանի որ Երևանի տրանսպորտի հետ կապված բրիտանական ընկերությունը ծրագիր է մշակել, գումարներ են ուղղվել Երևանի բյուջեից, մենք պետք է օգտագործենք այս ծրագիրը` վերանայելով այն` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար»,-ասաց նա;
Հայկ Մարությանը վստահեցրեց, որ եթե մինչ այս կնքված պայմանագրերի պայմանները խախտվեն և դրանից տուժեն Երևանի բնակիչները, ապա դրանք կվերանայվեն ի շահ երևանցիների:
Երևանի քաղաքապետը պատրաստ է աշխատել բոլոր այն կադրերի հետ, ովքեր կկարողանան և պատրաստ են աշխատելու նոր Հայաստանում: