211652_close_icon
views-count12211 դիտում article-date 20:08 04-10-2018

«Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ ուղեկցվող ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն ՊԲ-ում անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, հոկտեմբերի 4-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ ուղեկցվող ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն, որի եզրափակիչ փուլին հետևում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ: Իսկ որպես ուսուցանվողներ հրավիրվել էին հրամանատարական հավաքի մասնակիցները: Նախքան մարտական հրաձգության փուլին անցնելը, ծավալված ցուցադրման կետերում ներկայացվել են այն բոլոր առանձնահատկություններն ու մեթոդական հարցերը, որոնք պետք է տեղ գտնեն յուրաքանչյուր նման զորավարժության պլանավորման և անցկացման ժամանակ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել գումարտակային մարտավարական զորավարժության ժամանակ մշակվող մարտական փաստաթղթերին ու պաշտոնատար անձանց պարտականություններին, զորամասերի հրամանատարներին ու նրանց տեղակալներին ներկայացվել են ՊԲ-ում ներդրված նորագույն սարքավորումներն ու մի շարք նոր զինատեսակներ, որոնք նախատեսված են հետախուզության վարման ու տեսադիտարկման իրականացման, մարտավարական նոր հնարքների կիրառմամբ` հակառակորդին առավել մեծ կորուստներ պատճառելու համար: Մարտական հրաձգության փուլի խաղարկման ժամանակ, պայմանականորեն մեր ուժերի առաջին դիրք մխրճված հակառակորդին կանգնեցնելու նպատակով, յուրային ուժերը զբաղեցրել են կրակային բնագիծ, այնուհետև անցել հակահարձակման և, զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին, վերականգնել առաջնագիծը: Պայմանական մարտի ամբողջ ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել է արդյունավետ փոխգործակցություն, անձնակազմը գործել է` մարտավարական առումով գրագետ ու հասել ցանկալի արդյունքի: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր