Սարգիս Գոքորյանը կարժանանա ոսկե մրցանակի. «Տանը մնացած» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում տեղի ունեցավ Սարգիս Գոքորյանի «Տանը մնացած» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը նախաձեռնել էին գրքի հեղինակն ու լեզվաբան, մանկավարժ Արսեն Վարդանյանը: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մարդաշատ էր: Հեղինակի կողքին էին գրողներ, մտավորականներ, ընկերներ, ընթերցասերներ:
Գրքի գրականագիտական վերլուծությամբ հանդես եկավ համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը: Նա տեղեկացրեց, որ որոշում է կայացվել Սարգիս Գոքորյանին արժանացնել միության ոսկե մրցանակին, որը մինչ օրս շնորհվել է ընդամենը երկու գրողի, ովքեր ռուսաստանի գրողների միության անդամներ են: Երրորդ մրցանակակիրը Սարգիս Գոքորյանն է։ Որոշումը կայացվել է միության անդամների համաձայնությամբ:
Գրքի վերլուծությունը շարունակեց բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը: Նրա խոսքով՝ Սարգիս Գոքորյան Արձակագրի հաջողության բանաձևը սեփական գրածի հետ լիովին անկեղծությունն է և, որ ոչ պակաս կարևոր է, նա գրում է մեր հասարակության ամենացավոտ կողմերի մասին, հերոսները հենց մենք ենք, բոլորս՝ մեր խնդիրներով, ձեռքբերումներով, առանձնահատկություններով, ուժով և թերություններով:
«Տանը մնացած» գրքի հեղինակն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, աջակիցներին այս և մյուս շնորհանդեսների կայացմանն աջակցելու համար և հույս հայտնեց, որ գիրքը կսիրվի ընթերցասերների կողմից, քանի որ պատմությունը, լինելով իրական, շատ հարազատ է գրեթե բոլոր տարիքային խմբերին:
Միջոցառման ընթացքում հյուրերը ունկնդրում էին վաստակավոր դաշնակահար, Ստեփանավանի արվեստի դպրոցի դասատու Գայանե Պեպելյանի կատարումները: