211652_close_icon
views-count7466 դիտում article-date 15:30 30-09-2018

Փոխնախարար Տիգրան Գալստյանի միջամտությամբ Արամի 23 հասցեում գտնվող շենքը չի քանդվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերից մեկը, որտեղ 2002 թվականից գործունեություն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, փլուզման եզրին է: Երգչախմբի անդամները և նրանց սատարողները քայլեր են ձեռնարկում շենքը փրկելու համար: «Որևէ մեկը թող չկասկածի, որ այդ շենքը կանգուն է մնալու»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Նրա խոսքով՝ երբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանից ահազանգ է ստացել, միանգամից այցելել է այդ տարածք՝ անձամբ ծանոթանալու իրավիճակին: «Քանի որ մասնագիտությամբ ճարտարապետ եմ, ինձ համար շատ ավելի հեշտ էր անձամբ տեսնել և գնահատել իրավիճակը, քան դիմել այլ մասնագետների օգնությանը: Պետք է խոստովանեմ, որ շենքն իսկապես աղետալի վիճակում է»,- շեշտեց փոխնախարարը: Գալստյանը փաստեց, որ շենքի տարածքում իրականացվող անբարեխիղճ շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունը հաշվի չի առել այն հանգամանքը, որ այդ տարածքում պատմամշակութային հուշարձան համարվող կառույց կա: «Զրուցեցի շինարարի հետ, ով ասաց, որ շինարարական աշխատանքների մեկնարկից հետո է միացել այդ գործընթացին և ծանոթ չէ նախորդ շինարարական ընկերությանը, որը սկսել է փորել: Խոսեցի «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներում ներդրում անող անձի հետ, և եկանք այն եզրակացության, որ այսպես չի կարելի: Ես նրանց ասացի, որ հուշարձանը կարևոր նշանակություն ունի, ու պետք է այն պահպանել: Եթե շենքին ինչ-որ բան պատահի, իրենք դրա համար պատասխանատվություն կկրեն»,- ընդգծեց Գալստյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/15/1105343/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 15-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցում «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի առջև երեխաները համերգ էին կազմակերպել՝ ի նշան բողոքի, որպեսզի պատկան մարմիններն ականջալուր լինեն ու հետևություններ անեն և կանխեն պատմամշակութային շենքի ավերումը։ Ինչ-որ կազմակերպություն շինարարական աշխատանքներ էր սկսել և շենքն ամբողջովին սարքել է վթարային։ Մտնելով շենք՝ քեզ պատկերացնում ես Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնում. պատերն ամբողջովին ճաքել են և իրենից լուրջ վտանգ են ներկայացնում, և նման պայմաններում 160-ից ավելի երեխաներ, վտանգելով իրենց կյանքը, պարապմունքներ են անցկացնում։ Այստեղ են նաև սիրված ու ճանաչված մտավորականներ, այդ թվում՝ Միքայել Պողոսյանը, Տիգրան Հեքեքյանը, ովքեր հույս ունեն, որ շենքի ավերումը կկանխվի ու դրա համար իրենց հույսը ոչ թե Երևանի քաղաքապետարանի չինովնիկներն են, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեխաներն ավերվող շենքի մուտքի առջև կենդանի հնչեղությամբ կատարել էին նաև մի քանի երգեր, այդ թվում՝ «Էրեբունի-Երևան»-ը, և այդ երգով փորձում էին հասցնել պատկան մարմիններին, որ առաջիկայում նշվելու է Երևանի հիմնադրման օրը ու լավ կլինի՝ այդ երգը ազդակ լինի նրանց, որ պատմամշակութային արժեք համարվող շենքը պահեն ու պահպանեն։ Այս պահին այստեղ են ժամանել նաև Երևանի ավագանու անդամ Արարատ Զուրաբյանը, ինչպես նաև Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, ովքեր նույնպես դատապարտում են այս իրավիճակը։ Առաջին պահից խնդրին տեղում ծանոթանալու համար ժամանել էին նաև Հայ հեղափոխական դաշնակցություն՝ ավագանու մի քանի թեկնածուներ, ովքեր նաև ձեռնարկում են անհրժեշտ գործողություններ, որպեսզի տեղի ունենա կառուցապատող ընկերության պատասխանատուների հետ հանդիպում՝ հարցի լուծման շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր