ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչը լիազորությունների հավատարմագիրը հանձնեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղարին
Սեպտեմբերի 24-ին Անկախ պետությունների համագործակցության Մոսկովյան գրասենյակում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանն իր լիազորությունների հավատարմագիրը ներկայացրեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին։
Պաշտոնական արարողությանը հետևած զրույցի ընթացքում ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը կառույցի աշխատանքներին, գոհունակություն հայտնեց ՀՀ և ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ:
ՀՀ մշտական ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նոր կառավարության ծրագրում ներկայացված արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները: Արմեն Ղևոնդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակել ակտիվ մասնակցությունը ԱՊՀ շրջանակներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը՝ ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում ամրագրված դրույթների և ժամանակակից իրողություններին կազմակերպության ադապտացման գործընթացներին համահունչ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԱՊՀ կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին։