Չինաստանում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագիրը հանձնեց Չինաստանի նախագահին
Մայիսի 16-ին Չինաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Սերգեյ Մանասարյանը իր հավատարմագրերը հանձնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ձինփինին։
Հանդիսավոր արարողութանը հաջորդած կարճատև առանձնազրույցի ընթացքում ՉԺՀ Նախագահ Սի Ձինփինը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում։
Նախագահ Սի Ձինփինը անդրադարձավ անցած տարի ՀՀ Նախագահի Չինաստան այցին` նշելով, որ իրենք բարձր են գնահատում չին-հայկական ավանդական ամուր բարեկամությունը և հետևողական են նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում։
Դեսպան Մանասարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար և հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված բարեկամական հարաբերությունները բոլոր բնագավառներում խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։
Դեսպան Մանասարյանը ՉԺՀ Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները, ինչպես նաև վերահաստատեց ՉԺՀ Նախագահին ուղղված ՀՀ Նախագահի Հայաստան այցելելու հրավերը: