Դեսպան Կիրակոսյանն իր հավատարմագիրը հանձնեց Միջազգային Հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) տնօրենին
Հոկտեմբերի 15-ին Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր հավատարմագիրը հանձնեց Միջազգային Հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) տնօրեն և գործադիր քարտուղար Մարտին Կրոյտներին:
Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին երկկողմ համագործակցությունը, որը կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի փորձագետների պատրաստմանը, ՀՀ մասնագետների կողմից միջազգային փորձին հաղորդակցմանը, այդ ոլորտում բարեփոխումների իրականացմանը:
Դեսպան Կիրակոսյանը կարևորեց վերջերս ՀՀ կառավարության կողմից հաստատված Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը և 2015-2018թթ. իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: Տնօրեն և գործադիր քարտուղար Կրոյտները, իր հերթին, պատրաստակամություն հայտնեց ցուցաբերել հնարավոր աջակցություն` նպաստելու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին:
Տեղեկանք. 2013թ. Հայաստանը վավերացրել է Միջազգային Հակակոռուպցիոն Ակադեմիային` որպես միջազգային կազմակերպություն հիմնարար համաձայնագրին միանալու փաստաթուղթը և 2014թ. մարտի 15-ից պաշտոնապես հանդիսանում է Ակադեմիայի անդամ: