211652_close_icon
views-count3765 դիտում article-date 16:01 24-09-2018

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում: Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը ԵԱՏՄ շրջանակում: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերը՝ ընդգծելով, որ մեր երկրի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության մարտահրավերներին արդյունավետ դիմակայելը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա: «Բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է: Այդ պետությունը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, մինչդեռ հակամարտության կարգավորումը պետք է երաշխավորի Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների իրագործումը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր