Կարեն Աղամալյան. Առաջին անգամ կարողացանք աշխարհի առաջնության 7 ուղեգիր նվաճել
Բուդապեշտում տեղի ունեցած բռնցքամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանն ուներ հինգ ներկայացուցիչ (ուղեգիր նվաճած մյուս 2 բռնցքամարտիկները վնասվածք էին ստացել), որոնցից երեքը դուրս եկան քառորդ եզրափակիչ և պարտություն կրեցին մեդալի համար պայքարում:
Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է հայ մարզիկների ելույթները.
«Ուզում եմ նշել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունից մենք կարողացանք աշխարհի առաջնության 7 ուղեգիր նվաճել:
Այս տարի մենք մեծ աշխատանք ենք կատարել և մասնակցել ենք հնարավոր բոլոր միջազգային մրցաշարերին և ուսումնամարզական հավաքներին: Ցավոք, աշխարհի առաջնությունում չկարողացանք մեդալներ նվաճել, բայց ես գոհ եմ իմ բռնցքամարտիկներից: Բոլորը ռինգում կռիվ են տվել մինչև վերջին վայրկյանը:
Մեր մարզիկներից 3-ը մեդալի համար պայքարում պարտվեցին չնչին տարբերությամբ: Բոլոր մասնագետների՝ այդ թվում նաև ադրբեջանցի մարզչի կարծիքով 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը քառորդ եզրափակչում հաղթանակի հասավ, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին Թայլդանի ներկայացուցչին: Մենք ամեն ինչով առաջ ենք անցել մեր հարևան երկրներից: Հաղթել ենք այնպիսի երկրների, ինչպիսիք են Մեքսիկան, Ուկրաինան, Վրաստանը, Թուրքիան: Թիմային հաշվարկով առաջ ենք անցել Գերմանիայի, Լեհաստանի և մի շարք այլ ուժեղ հավաքականներից:
Գոհ եմ թիմից: Այս տղաների մեծ մասը հաջորդ տարի նույնպես կարող է մասնակցել երիտասարդական մրցաշարերի, այնպես որ հաջողությունները դեռ առջևում են»,- ասել է Աղամալյանը: