211652_close_icon
views-count4679 դիտում article-date 11:52 05-09-2018

Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում բացվեց ևս 4 նոր բիզնես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում ԵՄ աջակցությամբ բացվեց չորս նոր բիզնես: Բոլոր ձեռնարկությունները գործունեությունը սկսել են ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Նոր ձեռնարկությունների բացմանը ներկա էին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղի, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ապիտուրիզմը և ապիթերապիան նորույթ են Հայաստանի համար: Մեղուների միջոցով բուժումներ իրականացնելու նպատակով է Վիգեն Մնացականյանն Ալավերդի քաղաքում հիմնեց իր բիզնեսը՝ ԱրմԲի-ն: Վիգենը ոգևորված էր մեղվապահական բիզնեսի գաղափարով և հատկապես մտադրվել էր իր գիտելիքները և հմտությունները կիրառելով՝ զբաղվել ապիտուրիզմով։ «Ես ցանկանում էր կազմակերպել մեղվապահական տուրեր, ուր զբոսաշրջիկները կկարողանային ուսումնասիրել մեղվապահությունը, դիտել մեղրաքամը և մեղվապահությանն առնչվող այլ գործողությունները, իսկ հատուկ պատրաստված ապիտնակներում մարդիկ կարող են շնչել փեթակի բուժիչ ջերմ օդը, համտեսել լեռնային խոտաբույսերի թեյերը և հանգստանալ՝ վայելելով մեղուների քաղցր ու հանգստացնող բուրմունքը՝ լսելով նրանց բզզոցը»,- նշեց երիտասարդ սկսնակ գործարարը։ ԵՄ աջակցությամբ անցկացված դասընթացին մասնակցելուց, ֆինանսական և վարկային միջոցներն ստանալուց հետո Վիգենն անցավ գործի: Նա բարեկարգեց տարածքը, կառուցեց երկու ապի-տնակներ և այժմ պատրաստ է ընդունել հաճախորդներին: Վանաձորում բացված «Գանձակ» արագ սննդի և հացաթխման կետի սեփականատեր Ռուզաննա Հայրապետյանը նոր բիզնեսը հիմնել է իր ընտանիքին պատկանող չգործող նախկին կահույքի սրահի տեղում: «ԵՄ և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ ստացած վարկային և դրամաշնորհային միջոցներով ձեռք բերեցինք անհրաժեշտ կահույքն ու սարքավորումները: Իսկ տարբերանշանի ձևավորման և վահանակի պատրաստման հարցում օգնեց ծրագրի գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ»-ն»,- նշեց կին ձեռներեցը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը շեշտեց, որ Ռուզաննա Հայրապետյանը հաջողակ կին ձեռներեցի վառ օրինակ է: «Ձեր հաջողությունը բոլորիս թիմային աշխատանքի արդյունքն է»,- նշեց Գրիգորյանը: Արման Առաքելյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում հիմնել է «Լոռե» ՍՊԸ-ն, որը մատուցելու է հյուրընկալության ծառայություններ՝ նախատեսված և ակտիվ, և պասիվ հանգստի սիրահարների համար։ Լոռեն ակտիվ տուրիզմի սիրահարներին առաջարկելու է ոչ միայն արգելքներով պատ, այլև զիփլայն և այլ արկածային և էսքտրեմալ զբոսաշրջային ծառայություններ: «Լոռե» հանգստի գոտին տրամադրելու է նաև գիշերակացի ծառայություններ, հանգստյան առանձնատներ, կազմակերպելու արշավներ, ճամբարներ։ «ԵՄ աջակցությամբ իրականացված դասըթացների շնորհիվ, կարելի է ասել, որ մեր աչքերը բացվեցին, ու հիմա այնպիսի կարևոր հանգամանքներ ենք տեսնում, որ առաջ չէինք էլ նկատում կամ կարևորում: Ֆինասական աջակցությունը հնարավորություն տվեց պատշաճ տեսքի բերել տարածքները և ընդլայնել մեր ծառայությունները։ Կարծում ենք մոտ ապագայում կընդլայնվենք և կստեղծենք նոր աշխատատեղեր», նշեց Առաքելյանը։ Իսկ նույն Ստեփանավանում բացված ևս մեկ հյուրատան սեփականատերն է Համլետ Թումասյանը: Նա ԵՄ աջակցությամբ կազմակերպված գործարար դասընթացին մասնակցելուց հետո ստացած վարկային և դրամաշնորհային միջոցներով ավարտին հասցրեց շինարարական և բարեկարգման աշխատանքները և ձեռք բերեց անհրաժեշտ կահավորանքը, նաև տեղադրեց փոքրիկ արևային կայան: Համլետն իր ընտանեկան հյուրատանն առաջարկելու է նաև էքսկուրսիաներ, հեծանվային արշավներ, ձիավարություն և այլն։ «Ստեփանավանը հայտնի է որպես հանգստյան վայր իր առանձնահատուկ բնակլիմայական պայմաններով։ Եվրամիության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ մեր շինությունը հարմարեցնել որպես հյուրատուն, կահավորել, և ինչը ամենակարևորն է, կառուցել ֆոտովոլտանիկ կայան և խնայել էներգիան։ Մենք ուզում ենք մեզ մատուցել որպես «կանաչ» հյուրատուն»,- շեշտեց Թումասյանը: Գործարարների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը նշեց, որ նրանց գործունեությունն ուղղված է ոչ միայն իրեն ընտանիքների, այլև համայնքի, մարզի և երկրի ընդհանուր բարեկեցությանը: «Հենց ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ ստեղծվում են նոր աշխատատեղեր, վճարվում են ավելի շատ հարկեր, ինչի շնորհիվ էլ ի վերջո հնարավոր է դառնում պետական աջակցության շնորհիվ ստեղծել նոր ձեռնարկություններ»,- ընդգծեց Արշակ Գրիգորյանը: Նշված չորս նորաբաց ՓՄՁ-ներն արդեն ստեղծել են ինը նոր աշխատատեղ և առկա է ավելացման միտում։ Գործարարների շուկայավարման կարողությունների զարգացման նպատակով, ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն տրամադրել է մասնագիտացված խորհրդատվություն՝ շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման և այլ ուղղություններով: ###
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր