3134 դիտում
23:21 03-09-2018
«Դիլիջան ազգային պարկ»-ի 5 անտառապահի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեղի ունեցած առերևույթ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 5 անտառապահի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում բացահայտվել են հազարավոր ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնք, նախնական քննության տվյալներով, տեղի են ունեցել 2014-2017թթ.:
Մասնավորապես՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնում ապօրինի հատվել է ընդհանուր 47 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 14.736.250 ՀՀ դրամի վնաս, թիվ 2 պահաբաժնում՝ ընդհանուր 65 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 7.853.750 ՀՀ դրամի վնաս, թիվ 5 պահաբաժնում՝ ընդհանուր 109 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 36.323.750 ՀՀ դրամի վնաս, թիվ 8 պահաբաժնում՝ ընդհանուր 34 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 5.477.500 ՀՀ դրամի վնաս, իսկ թիվ 9 պահաբաժնում՝ ընդհանուր 115 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 34.625.000 ՀՀ դրամի վնաս։
Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ առերևույթ ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինության, ինչպես նաև` առանձին մասնաճյուղերի անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով:
Մասնավորապես՝ վերջիններս ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:
Բացի այդ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, պարտավոր լինելով կանխել բոլոր տեսակի օրինազանցություններն իրենց ամրակցված պահաբաժինների տարածքում, առանց համապատասխան ստուգումներ իրականացնելու՝ ստորագրել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրություններ, որոնց համաձայն` պահաբաժիններում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 2, 5, 9 պահաբաժինների անտառապահներ Ռ.Կոխլիկյանին, Ա.Մարտիրոսյանին և Ս.Մելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, իսկ թիվ 1 և 8 պահաբաժինների անտառապահներ Ա.Մարտիրոսյանին և Ա.Սարուխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1 և 2-րդ մասերով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկա ղեկավարներին, նույն մասնաճյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ պահաբաժինների անտառապահներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
Տավուշի մարզի Թեղուտ և Հաղարծին համայնքների ևս երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալների անշարժ և շարժական գույքերի վրա:
Այսպիսով՝ նշված քրեական գործի շրջանակում, սեպտեմբերի 3-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 22 անձի։ Նախաքննությունը շարունակվում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2894 դիտում
19:57 16-08-2018
«Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատման գործով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի