211652_close_icon
views-count3411 դիտում article-date 21:58 26-03-2018

Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ներկայիս և նախկին ղեկավարներին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանին և նախկին ղեկավար Հ.Հովհաննիսյանին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014 թվականին։ Պարզվել է խմբի ստեղծմանը և ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Նախնական տվյալներով՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միայն «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառածածկ տարածքներում երեք տարիների ընթացքում հատվել է ավելի քան 7000 հատ ծառ, որով պետությանը պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 1 մլրդ 222 մլն. դրամ։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկայիս առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորվել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, որի հետևանքով պաշտոնեական պարտականությունները կատարվել են ոչ պատշաճ՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Մասնավորապես՝ ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել՝ կազմակերպված խմբի անդամների, ինչպես նաև՝ այլ անձանց կողմից ապօրինի ծառահատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ: Կատարված ծառահատումները հայտնաբերվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված ստուգմամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, նախկին ղեկավար Հ.Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ): Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է Հ.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը, իսկ Ա.Մանուչարյանի մասով՝ ոչ։ Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 7 անձի, ևս մեկի՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետ Վ.Վասիլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կազմակերպված խմբի կազմում ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր