211652_close_icon
views-count7746 դիտում article-date 22:23 31-08-2018

Մասիսի քաղաքապետի կալանքի երկարաձգման հարցը քննվում է առանց նրա պաշտպանների. aravot.am

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը, փոխանցում է [url=https://www.aravot.am/2018/08/31/978124/]aravot.am[/url]-ը։ ՀՀիշեցնենք, որ նա, ինչպես նաեւ` Մասիսի փոխքաղաքապետը եւ եւս երեք անձ, մեղադրվում են սույն թվականի ապրիլի 22-ին բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիների հանդեպ բռնություն կիրառելու մեջ: Դավիթ Համբարձումյանի պաշտպաններից Արթուր Սերոբյանն ֆեյսբուքյան իր էջում գրառել է, որ Դ.Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի երկարացման վերաբերյալ նիստի ընթացքում դատարանի կողմից նկատվել է պաշտպանության կողմի իրավունքների ոտնահարում, ինչի արդյունքում գործով ներգրավված բոլոր պաշտպանները, հայտնելով իրենց անհամաձայնությունը եւ նշելով, որ միջնորդության ամբողջ քննարկումը ապօրինության դրսևորում է, լքել են դատական նիստերի դահլիճը: Իսկ Մասիսի քաղաքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որը վստահ է, որ այդ գործը հետհեղափոխական ռեպրեսիայի առկայության կամ բացակայության լակմուսն է, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին իրենց ներկայացրած միջնորդությունը ինքնաբացարկի մասին, որը, ինչպես եւ պարոն Աթանեսյանը կանխատեսում էր, մերժվեց: Այդ միջնորդության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Եվ այսպես՝ սույն թվականի մայիսի 8-ին հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ում Դուք, հարգելի պարոն Մարտիրոսյան, բառիս բուն իմաստով քաղաքական պատվերով զնդանել էիք 7 տարի ժամկետով, դարձավ Հայաստանի ղեկավար՝ վարչապետ: Մայիսի 17-ին կառավարության նիստում վարչապետը պահանջեց ՀՀ ոստիկանապետից հնարավորինս արագ բացահայտել հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ հարձակումներ և բռնություն գործադրած անձանց: Վարչապետի հանձնարարականը հավուր պատշաճի կատարելու փոխարեն, ոստիկանությունը շատ արագ գտավ «մեղավորներին», ում ցուցակը, ի դեպ, չի գլխավորում Դավիթ Համբարձումյանը, այլ իրական թիրախն է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, ով հանդիսանում է մեր պաշտպանյալի ոչ ավել, ոչ պակաս՝ աները: Չունենալով որևէ ապացույց Դավիթ Համբարձումյանի դեմ, իրավապահ մարմինները, որոնք դեռ մի քանի ամիս առաջ փառապանծորեն պաշտպանում էին Սերժ Սարգսյանի իշխանությունը և պատրաստ էին արդարացնել նրա և նրա թիմի անդամների ցանկացած հանցանք, անցան արագ հարձակման և ձերբակալեցին Դավիթ Համբարձումյանին մի անձի բառիս բուն իմաստով հոգեբուժական դեպք հանդիսացող ցուցմունքի հիման վրա, հիմնվելով անանուն մի ահազանգի վրա: Ի դեպ, նշեմ, որ այդ անանուն ահազանգը կատարվել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության առջևի մասում գտնվող տաքսոֆոնից: Այդ ժամանակ դատարանը գտնվեց իր բարձրության վրա և ազատ արձակեց Դավիթ Համբարձումյանին՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով: Բայց դրա արդյունքում ստացվեց, որ վարչապետի հանձնարարականը կատարված չէ և հասկանալի է, թե պետական ապարատում նման երևույթը չի կարող մնալ անպարտելի: Շատ արագ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ հորինվեց նոր մեղադրանք՝ լրացվեց հինը, և այս անգամ կալանավորման միջնորդությունը քննարկման համար հանձնվեց դատավոր Մ. Մարտիրոսյանին: Արդյունքը կանխատեսելի էր և Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց: Պաշտպանության կողմը այդ ժամանակ որոշեց մնալ զուտ քրեագիտական դաշտում և փորձեց իրերը գնահատել զուտ իրավական առումով՝ ապրիորի ընդունելով, որ երկրում իրավիճակ է փոխվել և արդարությունը, անպայման, կհաղթի: Առաջին հարվածը մենք ստացանք հենց դատավոր Մ.Մարտիրոսյանի կողմից, ում 17.08.2018թ. որոշմամբ մերժվեց գրավի միջնորդությունը: Արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ իրավաբանությունը մղվել է 8-րդ պլան, իսկ գլխավոր դերում օրվա հորինված քաղաքական և պաշտոնի պահպանման մղումն է: Երկու օր առաջ ստանալով քննիչից իր միջնորդությունը հիմնավորող նյութերը, մեզ համար արդեն կասկածից վեր էր, որ սույն միջնորդությունը քննվելու է և կայացվելիք որոշումը իր իրավաբանական բովանդակությամբ ոչնչով չի տարբերվելու 19.01.2010թ. Նիկոլ Փաշինյանի դատավճռից՝ այն լինելու է ակնհայտ ապօրինի և քաղաքական ենթատեքստով: Պարզ ասած՝ դատավոր Մ.Մարտիրոսյանը ունի հետևյալ ընտրությունը կամ ավելի ճիշտ, չունի որևէ ընտրություն՝ եթե նա ազատ արձակեց Դ.Համբարձումյանին, ապա կնշանակի, որ ձեռնոց է նետում վարչապետին, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ ապօրինաբար զրկել է նրան ազատությունից, որի պատճառով նա գրեթե 2 տարի կրել է անարդար պատիժ, և դրա հետևանքով իր դատավորի դիրքը և պաշտոնավարումը, որպես դատավոր դնելով մահացու վտանգի տակ: Մենք չենք կասկածում, որ դեռևս հին իշխանությունների օրոք ձևավորված Բարձրագույն դատական խորհուրդը միանգամից կարող է արձագանքել նման որոշմանը՝ նոր իշխանություններին սիրաշահելու համար: Մյուս կողմից՝ երկարացնել Դ.Համբարձումյանի կալանքը՝ անունը դնելով, թե տեսեք ձեր գլխավոր «հակահեղափոխականին» թողեցի կալանքի տակ և սպասել, թե ի վերջո ինչ կլինի վարչապետի վերջնական որոշումը իր պաշտոնավարման ճակատագրի մասին, չմոռանալով իհարկե, որ վերը նշված դատավճիռը մի օր կարող է դիտվել նաև որպես ակնհայտ ապօրինի դատական ակտ՝ իր բոլոր իրավական հետևանքներով: Պարզ է, որ ընտրությունը միակն է՝ միանշանակ կալանքի տակ թողնել Դ.Համբարձումյանին, քանի որ վերջինիս ճակատագիրը չի կարող լինել էական, եթե այդ հարցից կախված է քո սեփական ճակատագիրը»:

Նմանատիպ նյութեր