ԱԻ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ղեկավարին
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարարն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ղեկավար Յոհանես վան դեր Կլաունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին պաշտոնավարման առիթով և վերահաստատեց Արտակարգ իրավիճակների նախարարության պատրաստակամությունը համագործակցությունը շարունակելու և մասնագիտական ուղղություններով աշխատելու առումով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարերային և տեխնածին աղետներից առաջացած արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների դեպքում բնակչության և փախստականների զանգվածային տեղաշարժի կառավարման ու հետևանքների մեղմացման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:
Այս ենթատեքստում նշվեց Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման պլան-ի մշակման ընթացիկ աշխատանքների մասին և ընդգծվեց հետագա համատեղ ուսումնավարժանքների կարևորությունը, որոնց ընթացքում հնարավոր կլինի փորձարկել պլանով նախատեսված մոտեցումները:
Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև ԱԻ նախարարության համապատասխան կարողությունների հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ: