211652_close_icon
views-count36123 դիտում article-date 10:24 22-08-2018

ԱՄՆ-ում բնակվող մտավորականի նամակը Նիկոլ Փաշինյանին. հայությունը մի ցանկություն ունի այսօր, բոլոր որկրամոլ նյութապաշտները իրենց իսկ ազգին դավաճանելու համար պիտի պատժվեն

Սրտի խոսք Ամերիկայից. Քեզ հետ ենք, պարոն Վարչապետ Ինչ տեղափոխվել եմ Լոս Անջելես չեմ գրել և ոչ մի հոդված: Հայրենիքում գրիչս քարը քարին չէր թողնում, սակայն այստեղ միշտ համոզված եմ եղել, որ հեշտ է քննադատել հեռվից: Ինձ միշտ մեղավոր եմ զգացել ու լռել եմ: Վերջին դեպքերով այնքան եմ ոգևորված, որ փնտրեցի գրիչս ու գտա: Ահա թե ինչ ստացվեց... Վարչապետն հիմա համոզված եմ, զգում է իրեն սատարող միլիոնավոր հայերի հավատով ու հույսով լի հայացքները և գիտակցում է, թե ինչ աննախադեպ և պատմական քայլ է անում, մաքրելով նախկին իշխանությունների թողած Ավգյան ախոռները, դառնալով մեր իրականության Հերակլեսը: Մոտ 17 տարի առաջ ընտանիքիս հետ հեռացա հայրենիքից, ինչպես հազարավոր հայեր այդ դաժան տարիներին: Ես կարծում էի, որ իմ հայրենիքի անսահման սերը կօգնի ինձ դիմակայելու այդ տարիների բոլոր դժվարությունները, որ ստեղծում էին նախկին իշխանություններն ու հայատյաց քաղաքական գործիչները: Իմ պայքարի ոգին արտահայտում էի իմ հոդվածներում և գրքերում՝ «Երբ փակվում են բոլոր դռները» և «Թևաթափ»: Վերջինս ծանոթ է նաև Լոս Անջելեսի հայությանը: Սակայն իմ ծնողական բնազդն ավելի ուժեղ գտնվեց, և ես չկարողացա հանդուրժել, որ իմ երեք աղջիկները նստեն ջարդած ապակիներով դասարաններում 10 աստիճանի մեջ, և պառկեն քնելու սառցե տեղաշորում, երբ որակյալ մասնագետ, ինժեներ ամուսինս 40-ի մոտ տարիքում արդեն «դարն ապրած անպետք գործիք» էր դարձել և չէր կարող աշխատանք գտնել, երբ «լույսի մարդն» մի քանի օր վարձը ուշացնելու համար մեր տան լույսն էր անջատում տանը մենակ գտնվող երեխաների վրա: Էլ որը հիշեմ: Ես ինձ հաշվում եմ տնտեսական կենցաղային էմիգրանտ: Սակայն պետք է նշել, որ այդ «դարն ապրած անպետք գործիքներն» այստեղ մեծ պահանջարկ ունեն, հայի գիտելիքներն ու հմտությունները գնահատում են: Ամուսնուս հրավիրեցին ԱՄՆ աշխատանքի և մենք որոշեցինք տեղափոխվել: Իսկ ինչու հայ ժողովրդի շնորհալի, տաղանդաշատ, խելացի մարդիկ չշենացնեին մեր երկրի տնտեսությունը, ինչու հայ տաղանդավոր երեխաները զանազան օտար բեմերից հիացնեն հանդիսատեսին և ոչ թե մեր հողի վրա: Այս հարցերն ինձ հանգիստ չեն տալիս: Ես հուսով եմ, որ ապագայում ետ ենք դառնալու, այդ հույսն է ուժ տալիս ապրելու յուրաքանչյուր օրը: Մայրս աչքը իմ ճամփին գնաց: Ակտիվորեն մասնակցում էր ցույցերին, ասում են շարունակ Նիկոլի անունն էր տալիս, ասում էր միայն նա կփրկի մեր ժողովրդին: Ափսոս մայրս չտեսավ այս երջանիկ օրը, 2012-ին մահացավ: Նրա փոխարեն էլ եմ այսօր երջանիկ: Հայությունը մի ցանկություն ունի այսօր, բոլոր որկրամոլ նյութապաշտները իրենց իսկ ազգին դավաճանելու համար պիտի պատժվեն: Ազգիս ատելությունն ու անեծքները բավական չեն, քանզի նրանց երեսները թուք ու մուրի դեմ ամուր իմունիտետ ունեն: Հայության մեծ մասն այսօր պահանջատեր է, թե հայաստանաբնակ, թե օտար ափերում թափառող: Եթե տասնյակ տարիներ է պահանջում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչու այսօր չենք կարող պահանջել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պատասխանատվության ենթարկելը: Հազարավոր հայ ընտանիքներ տարագիր դարձան, հազարավոր ճակատագրեր խեղվեցին և երեխաներ անհայր մեծացան հեց իրենց պատճառով: Եթե իմ սերնդակիցներն նույնիսկ ետ դառնան, ապա խիստ կասկածում եմ մեր երիտասարդների հարցում: Մի ամբողջ տաղանդավոր ու շնորհալի սերունդ կորցրեց հայ ժողովուրդը, շատերն ամուսնացել են օտար ազգերի հետ, շատերը չեն կարողանում խոսել ու գրել հայերեն: Որքան էլ հաջողած լինի հայն ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ Եվրոպայում, միևնույն է, նրա սիրտն ու ոգին հայրենիքում է, միայն մեր հողից ենք մենք բոլորս ուժ ու էներգիա ստանում, որտեղ մեր նախնիների ոսկորնեն են հանգչում: Սիրով՝ [color=#EF2929] Էլինա Միրիջանյան արձակագիր, նկարչուհի[/color]

Նմանատիպ նյութեր