3287 դիտում
17:10 21-08-2018
Սփյուռքի նախարարն ամփոփել է Կիպրոս և ԱՄՆ կատարած այցերի արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 21-ին, սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի նպատակը նախարարի՝ Կիպրոսի Հանրապետություն և ԱՄՆ կատարած այցերի արդյունքների ամփոփումն ու հետագա համագործակցության հեռանկարների ներկայացումն էր:
Անդրադառնալով Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հրավերով Կիպրոս կատարած պաշտոնական այցին՝ սփյուռքի նախարարը նշեց, որ այն ուներ երեք հիմնական նպատակ: Առաջին նպատակը Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ հանդիպումը, փորձի փոխանակումն ու սփյուռքների համագործակցության շրջանակներում տարաբնույթ միջոցառումների կազմակերպումն էր: «Հանդիպումներ ունեցա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրի հետհեղափոխական Հայաստանի տեսլականը, լսեցի առաջարկներ: Իհարկե այցելեցի նաև «Մելքոնյան» կրթական հաստատություն, որի խնդրին ծանոթ եմ վաղուց, սակայն այս հարցում դեռևս հանդես եմ գալիս լսողի դերում, փորձում լսել բոլոր հիմնավորումները և շարունակել աշխատանքները երկու կողմերի հետ էլ»,-հավելեց նախարարը:
Մանրամասն խոսելով Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիք և Եգիպտոսի ներգաղթի նախարար Նաբիլա Մաքրամի հետ: Վերջինս հայ-եգիպտական հարաբերությունների սերտացման, սփյուռքների հարցերի շուրջ գործակցության մեկնարկի ցանկություն է հայտնել:
«Հաշվի առնելով հեռանկարները՝ ես ևս դրական արտահայտվեցի համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Կիպրոսի նախագահի առաջարկով՝ որոշեցինք Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան սփյուռքի հարցերով արդեն իսկ գործող ձևաչափին ներգրավել նաև հայաստանյան կողմին: Քայլն արված է, և առաջին քառակողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում: Ես սա համարում եմ Կիպրոս կատարած այցի ձեռքբերումներից մեկը, որը հող է նախապատրաստում նաև պետությունների ղեկավարների հանդիպումների համար: Կարևոր է նաև, որ այս երկրները Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հստակ դիրքորոշում ունեն»,-նշեց սփյուռքի նախարարը՝ չմոռանալով ասել նաև, որ հանդիպումների ընթացքում առկա էր մեծ ոգևորություն Հայաստան պետության և թավշյա հեղափոխության հանդեպ: Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի ներգաղթի նախարարի հրավերով սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով կլինի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, այնուհետ աշխատանքային այց կկատարի Լիբանանի Հանրապետություն:
Ներկայացնելով ԱՄՆ կատարած աշխատանքային այցի հիմնական շեշտադրումները՝ սփյուռքի նախարարը նշեց, որ այցի հիմնական նպաստակը հայ համայնքի հետ տարվող աշխատանքները և նոր Հայաստանի ասելիքները համայնքին հասցնելն էր: «Բազմիցս նշել եմ, որ սփյուռքի հանդեպ վերաբերմունքը պիտի փոխվի: Սփյուռքն այլևս չի ընկալվում որպես բանկոմատ, պետք է լինի փոխշահավետ համագործակցություն և փոխադարձ հոգատարություն: Հայաստանը կլինի ուժեղ, եթե սփյուռքը լինի ուժեղ, և հակառակը: Այս ամենը արտահայտված է լինելու մեր տեսլականում, որը մշակվում է ոլորտի լավագույն մասնագետների հետ, և ընդգրկված կլինի պետական հայեցակարգի շրջանակներում: Մենք խնդիր ունենք նաև ճանաչել սփյուռքը, պետք է գիտական հետազոտություններ և խորը ուսումնասիրություններ կատարվեն: Նախկինում մեծ համայնքներն են եղել ուշադրության կենտրոնում: Այսուհետ այդպես չի լինելու, մենք աշխատելու ենք բոլորի հետ»,-շեշտեց նախարարը: Նա նաև հավելեց, որ ամերիկահայերին փոխանցված հիմնական ուղերձներից մեկն էլ այն է եղել, որ միայն հայաստանակենտրոն մոտեցումն ընդունելի չէ, և Հայաստանը ևս պետք է լուծի սփյուռքի խնդիրները:
Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ ԱՄՆ-ում ունեցած հանդիպումներն իրենց աշխարհագրությամբ աննախադեպ էին. եղան ինչպես համայնքային, այնպես էլ կուսակցական գործիչների, հոգևոր, կրթական շրջանակների ներկայացուցիչների հետ բազում հանդիպումներ Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Բոստոնում: «Եթե որևէ հայկական կառույց, կազմակերպություն հայտարարի, որ իմ այցի ընթացքում իրեն անտեսված է զգացել, ես շատ կզարմանամ: Այսօր արդեն սփյուռքի նախարարությունն իր առջև խնդիր է դրել աշխատել բոլորի հետ, ստեղծել հնարավորություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են աշխատել ի նպաստ Հայաստանի և Արցախի զարգացման, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման և համահայկական ներուժի համախմբման: Այս ուղերձը շատ լավ ընդունվեց ամերիկահայերի կողմից: Իհարկե, նախկինում եղել են մերժվածներ և արտոնյալներ, սակայն այսօր նման տարանջատում լինել չի կարող: Կա համագործակցության մեկ նախապայման՝ անմնացորդ նվիրում աշխատանքին»,-ընդգծեց սփյուռքի նախարարը: Շարունակելով թեման՝ նախարարը մեկ անգամ ևս նշեց, որ սփյուռքը բազմաշերտ է, և յուրաքանչյուր համայնք պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Աշխատանքի արդյունավետության բարձրացման համար Մխիթար Հայրապետյանը անխուսափելի համարեց նախարարության ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխությունները:
Խոսելով ամերիկահայ համայնքի խնդիրների մասին՝ նախարարն առանձնացրեց ձուլման, դպրոցների փակման վտանգը, դասագրքերի, կրթության մրցունակության խնդիրը: Ինչ վերաբերում է սփյուռքում բնակվող և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների հարցին՝ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և ներկայացնել ինչպես սփյուռքի նախարարության, այնպես էլ սփյուռքահայերի կողմից արված առաջարկները:
Սփյուռքի նախարարը փոխանցեց, որ ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների ընթացքում Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն հայտնողներ շատ են եղել, և չնայած օրենքի գերակայության հանդեպ վստահությանը՝ առկա է տեղեկատվության պակաս, և համապատասխան տեղեկատվությունը շուտով կտեղադրվի նախարարության կայքում: Մխիթար Հայրապետյանը նախատեսում է հանդիպում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ՝ քննարկելու սփյուռքի ներդրումներին առնչվող խնդիրները: «Այցի ընթացքում ավելի քան 100 ընտանիք է ինձ մոտեցել և ասել, որ վաճառքի են հանել իրենց բնակարաններն ու ցանկանում են վերադառնալ Հայաստան: Պոտենցիալ հայրենադարձվողները ցանկանում են օրենքի գերակայություն և աշխատատեղերի ավելացում: Մասնագիտական հայրենադարձության գործընթացն արդեն իսկ սկսվել է, և մենք ևս փորձում ենք պետական կառավարման համակարգում ներգրավել նաև սփյուռքի ներուժը»,-նշեց սփյուռքի նախարարը:
Ամփոփելով ասուլիսը՝ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ չնայած մասնագիտական հայրենադարձության մեծ պահանջին՝ պետությունն այսօր մեծ ներգաղթի պատրաստ չէ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3224 դիտում
10:11 21-09-2019
Հայաստանի ղեկավարների ԱՄՆ կատարած այցերի հետքերով․ «Ամերիկայի ձայն»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1418 դիտում
16:47 20-05-2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի Ինտերպոլ և Եվրոպոլ կատարած այցերի մանրամասները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1780 դիտում
08:24 16-07-2024
Ո՞վ է Սարգիս Բաղինյանը, ով դիմավորում է Նիկոլ Փաշինյանին` մարզեր կատարած այցերի ժամանակ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
478 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի
640 դիտում
14:34 25-11-2024
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
760 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման