ՀՀ ԱԻՆ աշխատակիցների երեխաներին հագեցած ամառային հանգիստ է սպասվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի և նախարարության համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 6-ից 16-ը համակարգի բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաներն իրենց ամառային հանգիստը կացնկացնեն Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում:
Նախարարության բակում հավաքված երեխաներին ճանապարհելու և ուրախ տրամադրություն պարգևելու էր եկել ԱԻՆ փողային նվագախումբը:
Նախարարի և ՀՀ ԱԻ նախարարության կողմից երեխաներին հետաքրքիր հանգիստ մաղթեց ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը.
-Լավ հանգիստ եմ մաղթում բոլորիդ և, հուսով եմ, որ ճամբարում բոլոր խաղ-մրցույթներին և դասընթացներին այնպիսի ակտիվություն կցուցաբերեք, ինչպիսին ձեր ծնողները կիրառում են աշխատանքային առօրյայում:
Դեպի Լոռի ուղևորվող 10-15 տարեկան 122 երեխայի հագեցած ամառային արձակուրդ և անմոռանալի հանգիստ է սպասվում բնության գրկում:
Նախարար Հ. Ռոստոմյանի հանձնարարականով` երեխաների հետ «Գուգարք» մեկնեց նաև ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը:
Ճամբարի օրակարգի համաձայն` երեխաներին սպասվում են հետաքրքիր արշավներ, ուսումնավարժանքներ և դասընթացներ, սպորտային ու մշակութային միջոցառումներ:
«ԱԻՆ մանկական ճամբար» ծրագիրն իրականացվում է արդեն 5-րդ տարին և Արհկոմի աշխատանքային ծրագրում առանցքային տեղ է զբաղեցնում: