211652_close_icon
views-count2630 դիտում article-date 17:46 22-07-2018

ՀՀ պաշտպանության նախարարը Փանիկում փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատարի հետ

Փանիկում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հուլիսի 22-ին հենց Փանիկ գյուղում փակ հանդիպում-քննարկում են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը։ «102–րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն իրականացնում էին մարտական պատրաստության միջոցառում, որը տարեկան պլանով համաձայնեցվում է ՀՀ ՊՆ-ի հետ` ճանապարհները, բոլորը, տեխնիկայի շարժը տարեկան ծրագրերով պլանավորված է։ Ծրագրերի շրջանակներում կան տարբեր տեսակի մարզումներ։ Այս մարզումն իրականացրել է հետախուզական ստորաբաժանումը։ Հետախուզական ստորաբաժանման մարզման ընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։ Բայց մի գաղտնիք բացահայտեմ. քանի որ նրանք հետախույզներ են, իսկ հետախույզները ոչ մի պայմանով չէին բացահայտելու իրենց մարզման վայրը, դրա համար խոսակցությունը եղել է լարված։ Վայրն ընտրվել է սխալ, բայց, չպաշտպանելով հետախույզներին, նշեմ, որ նրանք Փանիկին վերաբերել են որպես իրենց աջակցող բնակավայրի, իսկ շարասյունը եղել է իբր հակառակորդի շարասյուն։ Եվ յուրայիններին աջակցող բնակավայրի կողքն էլ իրականացրել են այդ միջոցառումը»,– [url=https://armenpress.am/arm/news/941517.html]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ՝ ասաց պաշտպանության նախարարը և հավելեց, որ սխալ կա թույլ տրված և՛ ռուսական, և՛ հայկական կողմերից։ Տոնոյանի խոսքով` նմանօրինակ միջոցառումների մեծ քանակությունը երբեմն ստիպում է առօրյա աշխատանքի վրա ուշադրություն չդարձնել։ «Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել էր շարասյան տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել է, որ լինելու է մարզում, բայց մարզման վայրը չէր նշել»,– փակ խորհրդակցությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց նախարարը և փաստեց, որ ռուսական կողմն իրենց սխալն ընդունել է, ներողություն է խնդրել։ Ի նշան բարեկամության՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքում հուլիսի 22-ին, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը կազմակերպել էր միջոցառում՝ զինվորական դաշտային հյուրասիրություն, համերգային ծրագիր՝ երգ ու պարով: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի հետ նախ ծաղիկներ դրեց փանիկցի զոհված ազատամարտիկների և քառօրյա պատերազմում զոհված զինվորի գերեզմանին: [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/17/1101050/]Հիշեցնենք[/url], որ հուլիսի 17-ի առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով: Այս մասին տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝ փաստելով, որ երեխաները վախեցել են: Համայնքապետն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: ՌԴ 102-րդ ռազմակայանը զորավարժությունների վերաբերյալ համայնքի բնակչությունը չի իրազեկել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/20/1101302/]ներողություն[/url] է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Նմանատիպ նյութեր