211652_close_icon
views-count3191 դիտում article-date 12:58 21-07-2018

Հանրապետությունում ապահովվում է նորածինների լսողության սքրինինգի 100 տոկոսանոց ծածկույթ. ԱՆ

Հետայսու հանրապետությունում կունենանք նորածինների լսողության սքրինինգի հարյուրտոկոսանոց ծածկույթ` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մեր գործընկերների` Ճապոնիայի դեսպանատան և «Հավատ» ՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ մեր բոլոր ծննդատները կապահովվեն նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքավորումներով: Սրանց կիրառմամբ, հետևաբար, կապահովվի լսողական խնդիրների վաղ հայտնաբերումը, վաղ միջամտությունը, մասնագիտացված բուժօգնության տրամադրումը: Սա է ցանկալի արդյունքը` ապահովել երեխայի նորմալ զարգացումը, որպեսզի նա կարողանա հաճախել սովորական դպրոց, ունենալ ընկերներ և խուսափել մինչ այդ անխուսափելի թվացող հաշմանդամությունից ու հատուկ կրթական հաստատության սան լինելու հեռանկարից»,-շեշտել է նախարար Թորոսյանը: Մինչ օրս լսողության սքրինինգ իրականացվել է հանրապետության ծննդատների 48%-ում, որտեղ ծնվել է երեխաների 63%-ը: Դա նշանակում է, որ այդ երեխաների համար առկա չէր լսողության խնդիրների վաղ հայտնաբերման հնարավորություն: Այս խնդիրն արդեն հետևում կմնա: Մինչ օրս իրականացված սքրինինգների միջոցով առ այսօր հայտնաբերվել է լսողության խնդիրներով 199 երեխա, այսինքն ամեն 900 նորածնից 1-ը: Այս ցուցանիշը համադրելի է միջազգային միջին ցուցանիշերի հետ և վկայում է սքրինինգի իրականացման որակի մասին: Լսողական խնդիր ունեցող բոլոր երեխաները վերցվել են դիսպանսերային հսկողության, նրանք կամ պրոթեզավորվել են բարձրակարգ լսողական սարքերի միջոցով, կամ ենթարկվել կոխլեար իմպլանտացիայի: Ճապոնական կողմի հետ «Հավատ» ՀԿ-ի համագործակցությունը սկսվել է 2010թ-ից: Ճապոնիայի դեսպանատունն այս ընթացքում ֆինանսավորել է «Արաբկիր» ԲԿ-ի սուրդոլոգիական կաբինետի նորոգումը, լսողության խանգարումներ ունեցող տասնյակ երեխաների համար FM համակարգերի ձեռքբերումը, նաև 10 ծննդատների ապահովել է նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքերով: Այժմ Ճապոնիայի դեսպանատունը ֆինանսավորել է ևս 22 սարքի ձեռք բերում, ինչի արդյունքում լսողության նորածնային սքրինինգ կիրականացվի բոլոր նորածինների մոտ: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան փոխանցել է իր ուրախությունն ու հպարտությունը, որ ճապոնական կողմի աջակցությամբ Հայաստանում այսօրինակ կարևոր խնդիր է լուծվում` իրենց ֆինանսական օժանդակությամբ ձեռք բերելու նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքեր: «Սա հայ-ճապոնական սերտ գործակցության ևս մեկ օրինակ է»,-շեշտել է դեսպանը: ՀՀ ԱԺ նախագահ, «Արաբկիր» ԲԿ-ի հիմնադիր Արա Բաբլոյանն ընդգծել է Հայաստանում ծնվող ամեն երեխայի համար այս սքրինինգի հնարավորության ապահովումը և վստահություն հայտնել, որ սարքերը ծառայելու են իրենց նպատակին` հատկացվելով հանրապետության բոլոր ծննդատներին: Հանդիպման ընթացքում ներկաները դիտել են սքրինինգի արդյունքում ժամանակին հայտնաբերված լսողական խնդիրներ ունեցող երեխաների ելույթները, ովքեր անհրաժեշտ միջամտության արդյունքում ունեն վարժ խոսք, արտասանում են և երգում:

Նմանատիպ նյութեր