211652_close_icon

Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում

views-count475 դիտում article-date 17:59 05-12-2025
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով դատավարությունում մեկնարկել է գրավոր ապացույցների հետազոտման փուլը։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Ամենակարևոր ապացույցն այն էր, որ 2022-2023 թթ․ ինժեներասակրավորների վաշտին վառելիք չի հատկացվել։ Ազատ գյուղի կացարանը պետք է ջեռուցվեր էլեկտրական տաքացուցիչով։

Պարզվում է՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից այդ տաքացուցիչները չեն տրամադրվել։

«Ապացույցներով հիմնավորվում է, որ վառելանյութ չի հատկացվել։ Ենթադրաբար կացարանը պետք է ջեռոցներով տաքացվեր։ Այդ ձմեռ, առհասարակ, չպետք է կացարանում վառարան լիներ։

Եթե ջեռուցումն էլեկտրական տաքացուցիչով լիներ, ապա գուցե այս ողբերգությունն էլ տեղի չունենար։ Կացարանի հրդեհից 1,5 ամիս առաջ ԶՈւ թիկունքի պետը, ով նաև այդ ոլորտը համակարգողն է, իրականացված ծառայողական քննություններից հետո հանգել էր հետևության, որ հակահրդեհային համակարգը ԶՈւ-ում վատ վիճակում է, ճգնաժամ կա ու խնդիրները շուտափույթ լուծում են պահանջում»,- այս մասին նիստի ժամանակ ասաց տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով՝ ստացվում է, որ դեպքից ընդամենը 1,5 ամիս առաջ ամենաբարձր մակարդակով է ասվել, որ այդ ոլորտում փնթի վիճակ է։ Նորիկյանը նշեց նաև, որ այդ ժամանակվա ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ անհրաժեշտ է վերափոխել հակահրդեհային պայքարի ամբողջ համակարգը, ըստ էության՝ 760-ով ավելացնելով հաստիքները։

Նմանատիպ նյութեր