36960 դիտում
14:00 20-07-2018
Բնակիչներն ասում էին. «Թաղապետը, եթե սիրեր իր համայնքը, խնդիրը կլուծեր ու վթարներ չէին լինի, ոչ թե կստացվեր՝ էշ, մի սատկի, գարուն կգա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 10 օրից ավելի է՝ Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում դարն ապրած ու ամբողջովին վնասված դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել թե բնակիչների և թե վարորդների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 19-ին, նշված դիտահորի պատճառով 15-ից ավելի վթար է տեղի ունեցել, հիմնականում երեկոյան և կեսգիշերին, քանի որ մթության պատճառով վարորդները չեն նկատում բաց դիտահորը և ինչն էլ դառնում է վթարի պատճառ։
Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «10 օրից ավելի էս վիճակն ա։ Ավտոմեքենաները վթարվում են դիտահորի պատճառով, իսկ Աջափնյակի թաղապետարանը չի մտածում խնդիրը վերացնելու մասին։ Մեռանք զանգելով թաղապետարան, ոչ մի օգուտ։ Ամեն անգամ ասում են՝ ձեր կանչը գրանցվել է, բայց դե կանչը գրանցելով խնդիրը չի լուծվում Թողես՝ թաղապետը լապշա կախի մեր ականջներից, թե սրտացավ թաղապետ եմ համայնքի հանդեպ։ Եթե սա է քո սրտացավությունը, ուրեմն՝ ձյուն գա գլխիդ։ Եթե սիրեիր համայնքդ, ապա խնդիրը կլուծեիր ու վարորդներն էլ դիտահորի մեջ ընկնելուց հետո ամենավերջին խոսքերով չէին հիշի թաղապետին»։
Այսօր՝ հուլիսի 20-ին, տեղում իրավիճակին ծանոթանալու համար ժամանել էին «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները, սակայն պարզվեց, որ նշված դիտաոհրը իրենց բալանսում չի։ Խնդիրը պետք է լուծի թաղապետարանը. «Բայց հույս չունենք, որ թաղապետը ամառվա էս շոգին կգերադասի զով ու հով կաբինետից իր նստատեղը դուրս հանի ու գա, բնակիչների հարցը լուծի»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրին տեղեկացվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով խոստացավ, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+