5887 դիտում
20:41 13-07-2018
«Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկության խնդիրները». Էդուարդ Շարմազանովի ելույթը՝ Վարշավայի գագաթնաժողովում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին:
ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկին եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին:
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել գագաթաժողովում՝ նշելով.
«Հարգելի գործընկերներ,
տիկնայք եւ պարոնայք,
ընտրված ձեւաչափը յուրօրինակ հարթակ է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանականների բարձր մակարդակով հանդիպման եւ մեր մայրցամաքի մարտահրավերները համատեղ քննարկելու համար:
Այս տարին հոբելյանական է շատ երկրների համար: Ինչպես մենք Հայաստանում, այնպես էլ Լեհաստանի մեր եղբայրներն ու քույրերը նշում են անկախության վերականգնման 100-րդ տարեդարձը: Ավելին, այս տարի Լեհաստանի խորհրդարանը նշում է հիմնադրման 550-ամյակը:
Երախտիքի խոսք եմ հղում Լեհաստանի Սեյմին դեռեւս 2005 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար: Այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը. այն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այս կոնվենցիան Միացյալ ազգերի կոնվենցիաներից առաջինն էր, որն անդրադառնում էր մարդկության խնդիրներին: Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական Թուրքիայում հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն էր, որը խլեց ավելի քան 2 մլն անմեղ քրիստոնյաների կյանք: Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների:
Շնորհակալ եմ Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւ ընդունելու համար: Դարերի ընթացքում հայերը մշտապես աջակցել են լեհական պետության ամրապնդմանը: Դեռեւս Կազիմիր Մեծ թագավորի ժամանակներից հայերն հատուկ արտոնությունների ու վերաբերմունքի են արժանացել:
Հարգելի գործընկերներ,
այս տարի Լեհաստանի Սենատն ու Սեյմը վավերացրին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթղթի ստորագրումն ու վավերացումը նոր էջ է բացում Եվրամիության եւ Հայաստանի համագործակցության պատմության մեջ: Հուսով եմ՝ դա ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության հաստատման նոր էջ է: Ակնկալում ենք, որ ԵՄ անդամ մյուս երկրները եւս ողջամիտ ժամկետում կվավերացնեն համաձայնագիրը:
Հարգելի գործընկերներ,
ներկա աշխարհը, այդ թվում եվրոպական տարածաշրջանը լի է բազմաթիվ մարտահրավերներով, դրանք են՝ փակ սահմանները, ռազմական հռետորաբանությունը եւ չկարգավորված հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերը: Ցավալիորեն, սրանցից յուրաքանչյուրին Հայաստանն առնչվում է: Խոսելով փակ սահմանների մասին՝ պետք է նշեմ, որ Թուրքիան, չնայած նախկինում Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Թուրքիայի՝ նախապայմաններ դնելու եւ Հայաստանը շրջափակելու քաղաքականությունը դատապարտելի է: Մենք կողմնակից ենք հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:
Հարգելի գործընկերներ,
մենք մերժում ենք ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը եւ ռազմատենչ հռետորաբանությունը: Խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա՝ խաղաղ կարգավորում, ինքնորոշման իրավունքի իրացում, տարածքային ամբողջականություն: Ինքնորոշման իրավունքը քաղաքացիների բնական իրավունքն է, եւ Արցախի քաղաքացիներն ունեն ինքնորոշվելու ու անկախ պետությունում ապրելու նույնքան իրավունք, որքան մեզնից յուրաքանչյուրը:
Հարգելի գործընկերներ,
ես այստեղ եմ խաղաղության, հանդուրժողականության եւ երկխոսության կոչով: Խոսքս ուզում եմ ավարտել Հովհաննես 2-րդ պապի հետեւյալ կոչով. «Մի վախեցեք խաղաղության հնարավորությունից, ուսուցանել խաղաղություն, ապրել խաղաղությամբ... խաղաղությունը պետք է լինի պատմության վերջին բառը: Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկւթյան խնդիրները»:
Նմանատիպ նյութեր
2104 դիտում
11:09 23-05-2016
Վարշավայի գագաթնաժողովում բեկումնային որոշումներ են կայացվելու. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
1362 դիտում
19:39 09-09-2014
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Այս բաժնից
880 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1171 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով