211652_close_icon
views-count1176 դիտում article-date 19:39 09-09-2014

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ֊ում ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի խորհրդարան, Մեկնարկեց հերթական քաղաքական աշունը, որի լի է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում կարեւոր իրադարձություններով: Ուշադրության են արժանի թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը՝ կապված Հայոց ցեղասպանության եւ ԼՂ հակամարտության հետ, որոնց վառ ապացույցը բոլորովին վերջերս Բաքվում Թուրքիայի նորընտիր նախագահի հայտարարությունն էր, համաձայն որի՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն ԼՂ հիմնախնդրի կարգավորումից հետո միայն: Բացի այդ, Էրդողանը պատրաստակամություն հայտնեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պաշտպանել Ադրբեջանի շահերը: Ակնհայտ է, որ նա մոռացության է մատնում այն, որ Թուրքիան երեք տասնամյակից ավել բռնազավթած է պահում Եվրամիության անդամ Կիպրոսի 38 տոկոսը: Թուրքիայի նման քաղաքականությունը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ գողն առաջինն է գոռում` բռնեք գողին: Հարգելի գործընկերներ, Ընդամենն օրեր առաջ Նյուպորտում Հանրապետության ղեկավարը ՆԱՏՕ-ի բարձր ամբիոնից հանդես եկավ ելույթով եւ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը չպետք է փոխվի, իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Ավելին՝ նշվեց, որ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող բռնապետի հովանավորն ու լոբբիստը Թուրքիան է: Հատկանշական է, որ Սարգսյան-Ալիեւ-Քերի հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը հստակ ազդակ հղեց Ադրբեջանին: Նա ընդգծեց. Առաջին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Երկրորդ՝ տարածաշրջանում իրավիճակի ապագա սրումն անթույլատրելի է: Երրորդ՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի ձեւաչափով: Այսպիսով՝ վստահաբար կարող ենք նշել, որ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոխելուն միտված թուրք-ադրբեջանական գործարքը տապալվեց: Հարգելի խորհրդարան, Ակնհայտ է, որ մեր երկրում վաղուց հասունացել է համակարգային բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, որն առանց սահմանադրական բարեփոխումների ուղղակի անհնար է: Վերջին տարիներին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը արտահայտվում էին սահմանադրական բարեփոխումների անցկացման օգտին: Ավելին՝ նրանցից շատերը նախագահական ընտրություններից առաջ անհրաժեշտություն էին համարում խորհրդարանական կառավարման համակարգին անցումը: Սակայն այսօր այդ քաղաքական ուժերից մի քանիսը հրաժարվում են իրենց իսկ երբեմնի օրակարգից: Երբ հարցնում ես՝ ինչն է պատճառը, պատասխանում են, որ դեռ ժամանակը չէ: Այս մոտեցումը անլուրջ է եւ ոչ քաղաքական: Նման պահվածքի պարագայում հավանականությունը մեծ է, որ որոշ քաղաքական ուժեր կհայտնվեն քաղաքական պրոցեսների լուսանցքում: Շնորհակալություն ուշադրության համար»:

Նմանատիպ նյութեր