211652_close_icon
views-count2921 դիտում article-date 22:54 10-07-2018

Շիրակի մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին ավելի լավ աշխատել

Հուլիսի 10-ին տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի հերթական նիստը, որի առաջին հարցն առնչվել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2018 թվականի վեց ամիսների կատարողականին: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի ներկայացմամբ հուլիսի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 80.5%-ով: 2017թ. համեմատությամբ այս տարի սեփական եկամուտների հավաքագրման 21.5% աճ է արձանագրվել: Նախկին վարչական տարածաշրջաններից հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Աշոցքի տարածաշրջանում` 56.4%: Շիրակի մարզպետը կարևորելով համայնքների սեփական եկամուտների ժամանակին ու պարտաճանաչ կատարումը, առանձնակի ուշադրություն է հրավիրել այն 23 համայնքների վրա, որոնց կատարողականը մարզի միջին ցուցանիշից էլ ցածր է և նշել է, որ ամենաշատը մեկ ամսում պետք է թերացումները վերացվեն: «Ինձ համար անհասկանալի են տարատեսակ պատճառաբանությունները, որոնք հիմնավոր չեն, եթե չեք կարող աշխատել սա այլ խնդիր է, իսկ եթե չեք ուզում` լրիվ այլ: Պետք է մեկ փաստ արձանագրել, որ հարկերի հավաքագրմամբ հնարավոր կլինի լուծել համայնքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրները: Հորդորում եմ բոլորիդ աշխատանքում լինել աչալուրջ, հետևողական ու թափանցիկ, բացթողումներն այլևս անընդունելի են»,- նշել է մարզպետը: Մարզխորհրդի օրակարգային հաջորդ հարցը ոռոգման կազմակերպման և բերքահավաքի նախապատրաստական աշխատանքներին է առնչվել, որի մասին խոսելով գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը տեղեկացրել է, որ 2018 թվականի ոռոգման սեզոնի սկիզբը արձանագրվել է հունիսի 25-ից, մինչ այդ մարզի տարածաշրջաններում տեղումների քանակը միջինից բարձր է եղել, այնուամենայնիվ մարզի որոշ տարածքներում ներկայումս ոռոգման ջրի խնդիր կա, եղել են ուշացումներ, ինչն էլ առաջացրել է բնակիչների դժգոհությունը: Ոռոգման խնդիրների առնչությամբ նիստի ընթացքում ծավալվել են բուռն քննարկումներ, համայնքապետերը դժգոհել են Շիրակ ՋՕԸ-ի աշխատանքից, իսկ Շիրակ ՋՕԸ-ի ներկայացուցիչը` համայնքների անպարտաճանաչությունից: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը այս խնդիրների արագ ու օբյեկտիվ լուծումը կարևորելով ընդգծել է. «Այս շրջանում բոլոր պատասխանատուները պետք է հեևողական լինեն ոռոգման խնդիրների լուծման հարցում, չի կարելի մատների արանքով նայել այս հարցին, թերանալ, առավել ևս խախտումներ ու բացթողումներ ունենալ, ես չեմ թույլ տա: Աշխատանքները պետք է ամենօրյա հսկողության տակ լինեն»: Մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը անդրադառնալով այս մտահոգություններին կարևորել է համայնքապետերի ճիշտ աշխատանքը, ընդգծելով, որ նրանցից շատ բան է կախված այս ընթացքում: 2017-2018 ուս. տարվա ամփոփման և 2018-2019 ուս. տարվա նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը` նշելով, որ առաջիկա ուստարում մարզում աշակերտների թվաքանակի աճ է սպասվում շուրջ 1500-ով, որը պայմանավորված է լինելու ինչպես առաջին դասարանցիների ընդունելության ավելացումով, այնպես էլ ավարտական դասարանների նվազմամբ: Մարզում գործող 62 դպրոցահեն նախակրթարաններում ևս երեխաների թվաքանակի ավելացում է կանխատեսվում: Ինչպես նախորդ տարիներին, այս ուսումնական տարում ևս մարզի դպրոցականները աչքի են ընկել հանրապետական օլիմպիադաներում` վաստակելով 46 մրցանակներ: Ամփոփելով մարզի խորհրդի նիստի ընթացքում քննարկված հարցերը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը նշել է. «Ես բոլորիդ կոչ եմ անում թափանցիկ ու աչալուրջ աշխատելու, պետք է ընդունեք, որ երկրում իրավիճակ է փոխվել: Համատեղ ու հոգատար աշխատանքով մենք կկարողանանք դրական տեղաշարժ արձանագրել»:

Նմանատիպ նյութեր