211652_close_icon

Մինչև դրանց չբռնեն, հանգիստ չեմ քնելու․ մինչև ընտրությունները ժողովուրդն ահագին զբաղվելու բան ունի․ «Առավոտ»

views-count7089 դիտում article-date 11:30 10-07-2018
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մի ծանոթ պահակ ունեմ՝ թոշակառու, շատ բարի մարդ է, բազմաթիվ ազգագրական երգեր գիտի, երբեմն երգում է ինձ համար: Բայց որպես երաժշտագետ ես նրան, բնականաբար, չեմ հետաքրքրում: Նա ինձ համարում է «քաղաքական մեկնաբան»՝ այդ խորհրդային եզրույթով բնութագրում են հեռուստացույցով խոսող մարդկանց, որոնք ամեն ինչ գիտեն և ժողովրդին բացատրում են՝ ինչն ինչոց է: Դե, ավագ սերունդը հիշում է Յուրի Ժուկովին կամ Վսևոլոդ Օվչիննիկովին: Բայց ի տարբերություն խորհրդային քարոզիչների, որոնց շատերն անվերապահորեն հավատում էին, ժամանակակից Հայաստանի տեղեկատվության միջին սպառողը հավատում է միայն այն լուրերին, որոնք համապատասխանում են նրա համոզմունքներին: Դե, իսկ համոզմունքների մասին կարելի է դատել այն «հարցերից», որոնք իմ ծանոթն ինձ տալիս էր: «Հարցեր» բառը չակերտների մեջ եմ առնում, քանի որ դրանք իրականում հարցեր չեն, պնդումներ են, որոնց հաստատումը պահակն ուզում է ինձնից ստանալ: «Էդ ճի՞շտ ա, որ էս տարվա հունվար-փետրվարին Սերժը մեր հողերը Նախիջևանի կողմերում 2000 հեկտար տվել ա թուրքերին, հիմա նոր ենք իմանում» – «Չէ, սուտ ա, հեքիաթ ա» – «Բա էն օրը մեկն ինձ տենց բան ասեց» – «Չէ, տենց բան չի կարող լինել»: Իհարկե, չհավատաց՝ եթե հաստատեի նրա պնդումը, հաստատ ավելի լավ «քաղաքական մեկնաբան» կլինեի: «Բա ե՞րբ են Սերժին ու Քոչարյանին բռնելու» – «Շուտով կբռնեն, երևի» – «Մինչև դրանց չբռնեն, հանգիստ չեմ քնելու» – «Որ բռնեն, ի՞նչ ա լինելու, թոշա՞կդ ա բարձրանալու» – «Չէ, էդ 7 միլիարդ պարտքը, որ դրել են մեր վզին, իրանց թալանածը կվերադարձնեն բյուջե, պարտքը կփակենք» – «Կհերիքի՞» – «Մի բան էլ ավելի կլինի»: Խոսակցության առաջին դրվագը հիմնված էր կեղծ տեղեկատվության վրա, երկրորդի մեջ ճշմարտության մեծ «չափաբաժին» կար, միայն թվերն ու սպասելիքներն էին չափազանցված: Բայց ամենահետաքրքիրն ինձ համար, իհարկե, երրորդ դրվագն էր: «Բա Լևոնին ե՞րբ են բռնելու» – «Լևոնին է՞լ պիտի բռնեն» (հարց տվողի դերում արդեն ես՝ «քաղաքական մեկնաբանս» էի հանդես գալիս) – «Բա ո՞նց, ամեն ինչ նրանից ա սկսվել» – «Լևոնն է՞լ ա թալանել» – «Բա էդքան օգնություն, սալյարկա-բենզին էր գալիս, ժողովրդին չէր հասնում» – «Լևոնը «լևի» սալյարկա-բենզի՞ն էր ծախում» – «Բա հո ես չէի ծախում, զավոդները փակեց ու ժողովրդի վրա վաուչեր էր ծախում մեկը տասի»: «Համոզվելով», որ առաջին նախագահին նույնպես պետք է բռնել, ես բարեկամիս ցանկացա բոլոր երազանքների կատարում: Մինչև ընտրությունները ժողովուրդը ահագին զբաղվելու բան ունի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր