211652_close_icon
views-count3475 դիտում article-date 22:39 02-07-2018

«Ոչ մի տեսակի վախ չունեմ»․ Շիրակի մարզն արդեն 3-րդ փոխմարզպետն ունի. aravot.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով այսօր 29-ամյա Արա Մելիքջանյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ։ Նա թվով 3-րդ փոխմարզպետն է։ Արա Մելիքջանյանը 2013 թվականից «Լոգոս» հասարակական կազմակերպության նախագահն է։ Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից, նոր փոխմարզպետն ավարտել է Հոնկոնգի գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի համակարգչային հետազոտությունների բաժինը՝ հեռաուսուցմամբ, այն հաստատված է «Օքսֆորդի» համալսարանի քննական հանձնաժողովի կողմից: Իսկ 2010-2014թթ․ սովորել և ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական (ֆինանսներ) բաժինը: [url=https://www.aravot.am/2018/07/02/968138/]Aravot.am[/url]-ն Արա Մելիքջանյանից հետաքրքրվեց, թե ո՞վ իրեն առաջարկեց այս պաշտոնում և նշանակում կատարելիս՝ ի՞նչն են հաշվի առել՝ ծանոթությո՞ւնը, մտերմությո՞ւնը, թե՞ հասարակական ակտիվ գործունեությունը։ «Անկեղծ ասած առաջարկությունը եղել է տարածքային կառավարման նախարարի կողմից։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի նախարարից հարցնել, թե ի՞նչն է եղել հիմքը, ես ինչ էլ ասեմ, կհնչի որպես ենթադրություն։ Եթե «Լոգոս»-ի կայքը նայեք, մենք ծրագիր էինք իրականացնում, ծրագրի շրջանակներում հրավիրել էինք խմբակցություններից մարդկանց, որոնք որ փորձով կփոխնակվեին մեր երիտասարդների հետ։ Եվ անցած տարի այդ առաքելությամբ մեր մոտ են եղել Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը։ Որևէ անձնական հարաբերություն, ծանոթություն չկար, ընդամենը հրավեր է եղել, եկել, մասնակցել են։ Իհարկե, նորից եմ ասում՝ նշանակման հիմքերի մասին իրենք ավելի հստակ տեղեկատվություն կարող են հայտնել, ես ընդամենը ենթադրում եմ, որ հաշվի են առել ՀԿ սեկտորում իմ ակտիվ գործունեությունը, մարզի կտրվածքով «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ-ի գործունեությունը, որը ներառում է մարդու իրավունքների պաշտպանությունը, մեր կողմից իրականացվող ծրագրերը, որոնք որ միտված են եղել երիտասարդների կարողությունների հզորացմանը, ժողովրդավարական մեխանիզմների ստեղծմանն ու տարածմանը տարբեր գյուղական համայնքների շրջանում, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը»,-նշեց նորանշանակ փոխմարզպետը։ Արա Մելիքջանյանը տեղեկացրեց, որ իր կողմից կհամակարգվի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունը և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը։ «Գիտեք, որ այն միտված է մարզի զարգացմանը, ֆունկցիան՝ նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի ներդրողները գան, նպաստել, որ համայնքներում ներդրումներ իրականացվեն, համայնքների զարգացման ծրագրերի գործընթացով, ռազմավարությամբ զբաղվել»,-ասաց նա։ Մեր զրուցակիցն ասում է, որ դժվարություններից չի վախենում, ցանկություն, սրտացավություն և աշխատասիրություն է պետք։ Ըստ նոր փոխմարզպետի, իր մոտ միշտ եղել է պարտավորվածություն ու սեր ցանկացած քաղաքացու հանդեպ՝ անկախ նրանից ՀԿ սեկտորում է աշխատում, թե պետական կառույցում։ «Եթե որևէ մեկը սիրում է իր գործը և համայնքը, պիտի ջանա, որ այդ համայնքում հնարավոր դրական փոփոխություններ բերի, և դրանք լինեն շոշափելի փոփոխություններ, չկրեն դեկլարատիվ բնույթ», -ասում է Արա Մելիքջանյանը։ «Ոչ մի տեսակի վախ չունեմ, որովհետև մարզի պարագայում լիքը գաղափարներ միշտ ունեցել եմ․ հասարակական սեկտորում աշխատելը հասարակության շրջանում խնդիրների մասին պատկերացումներ ունենալն է, խնդիրների լուծման մեխանիզմներ առաջարկելու հնարավորություն ունենալն է, խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն ունենալն է, բայց երբ որ գալիս էր արդեն գործընթացը, հետամուտ պետք է լինեին, որ այդ խնդիրները լուծվեին, արդեն քաղաքական կամք էր պետք, պետք էր այնպիսի ապարատում աշխատել, որը հնարավորություն կտար խնդիրները լուծելու։ Կարծում եմ մարզպետարանում իմ կողմից ստանձնած պաշտոնի առումով լավագույն հնարավորություն կա ներքևի հատվածից հասարակությանը հոզող խնդիրները, որին որ ասենք ՀԿ-ները տիրապետում են, արդեն որոշում դարձնել։ Այն ժամանակ լուծման ուղիները տեսնում էին, բայց տեղի իշխանությունների կողմից կամքը չկար լուծման։ Այս պարագայում կարծում եմ ավելի կհեշտացնի գործը»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/07/02/968138/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր