211652_close_icon
views-count3588 դիտում article-date 11:50 30-06-2018

Էքզյուպերիի ծննդյան օրը նշանավորվեց երբևէ հայերեն չթարգմանված գործի թարգմանության շնորհանդեսով

Ինքնակենսագրական վեպ ու մահապարտ մի առաքելության պատմություն: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրը նշանավորվեց դասական գրողի ևս մեկ ստեղծագործության բնագրային թարգմանությամբ: Այս անգամ հերթը «Ռազմական օդաչուն» վիպակինն էր, որը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, իսկ թարգմանությունը կատարել է Շուշանիկ Թամրազյանը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը գրքի շնորհանդեսի մեկնարկին հիշեցրեց, որ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս են ընծայվել Էքզյուպերիի «Մարդկանց երկիր», «Գիշերային թռիչք», «Փոքրիկ Իշխանը», «Նամակ պատանդին» ստեղծագործությունները: ««Ռազմական օդաչուն» բավականին հետաքրքիր գործ է: Էքզյուպերին, ընդհանրապես, ֆանտաստիկ գրող է, թերևս, 20-րդ դարի լավագույններից մեկը: «Ռազմական օդաչուն» երբեք հայերեն չի թարգմանվել, առաջին անգամ է թարգմանվում, ինչը հայ ընթերցողի համար կարևոր իրադարձություն է: Հույս ունեմ, որ ընթերցողը կկարդա այն, կհասկանա ստեղծագործության իմաստը և գուցե իր կյանքում ինչ-որ կարևոր բան փոխվի»,-նշեց Շավարշ Կարապետյանը՝ հավելելով, որ հաջորդիվ լույս է տեսնելու Էքզյուպերիի «Միջնաբերդը», որի թարգմանությունն արդեն իսկ ընթացքի փուլում է: Գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը շնորհանդեսի ընթացքում ներկաներին պատմեց, որ վիպակը գրվել է 1942 թ., երբ Էքյուպերիի համար ստեղծվել էր մի ծանր շրջափուլ: «Նա, կարելի է ասել, ֆիզիկապես ու հոգեպես աքսորի մեջ էր: Լքել էր Ֆրանսիան, ժամանակավորապես բնակվում էր ԱՄՆ-ում: Սա շատ ծանր որոշում էր Էքզյուպերիի համար: Ֆրանսիայում տեղի ունեցած մարտերի ժամանակ Էքզյուպերին առաջնագծում էր. այլ կերպ չէր կարող լինել: Բնականաբար, ծանր էր ընդունել ժամանակավոր պարտության փաստն ու միաժամանակ հայրենիքից հեռանալու անհրաժեշտությունը»,-Էքզյուպերիի ապրումները ներկայացրեց թարգմանիչը: Շուշանիկ Թամրազյանը հավելեց, որ Էքզյուպերին ձեռնարկում է «Ռազմական օդաչուն» ստեղծելու գործը՝ կարծես ներքին նպատակ ունենալով ականատեսի, մասնակցի աչքերով ներկայացնել իր անցած պատերազմի սարսափելի, բայց և հուզիչ իրողությունները: Նրա նպատակն էր ցույց տալ, որ եղել են մարդիկ, ովքեր չեն հանձնվել մինչև վերջ և պայքարել են: Անհավասար ուժերի պատճառով զինվորներն այլընտրանք չունեին: Նրանք հասկանում են, որ պայքարը դատապարտված է ձախողման, բայց ստիպված են խաղալ իրենց դերը մինչև վերջ: Նշենք, որ «Ռազմական օդաչու» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին, Միացյալ Նահանգներում՝ «Flight to Arras» («Թռիչք դեպի Առաս») վերնագրով՝ կայծակնային արագությամբ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին: Վիպակն ինքնակենսագրական է: Մահապարտ մի առաքելության պատմությունը, որ ներկայացվում է անձնակազմի օդաչուի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայացքով, դառնում է ֆրանսիացի մտավորականի, արվեստագետի, շարքային քաղաքացու ապրումների, խորհրդածությունների խտացումը Երկրորդ աշխարհամարտի համատեքստում: «Տարօրինակ պատերազմի» մասին բազմաձայնող աշխարհը մի պահ ստիպված էր լռել՝ ի տես անմիջական մասնակցի խոր, անհերքելիորեն ճշմարիտ վկայության:

Նմանատիպ նյութեր