211652_close_icon
views-count2342 դիտում article-date 12:35 17-11-2017

Երևանում տեղի կունենա Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Վաղը՝ նոյեմբերի 18-ին, «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյան: Միջոցառման մուտքն ազատ է: «Էքզյուպերին մեր ամենասիրելի գրողն է: Նա հեղինակել է ստեղծագործություններ, որոնք 20-րդ դարի լավագույն նմուշներն են: Կարծում ենք, որ հայ ընթերցողը պետք է հնարավորություն ունենա կարդալու ֆրանսիացի հանրահայտ գրողի ստեղծագործությունները՝ հայերեն թարգմանությամբ»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն ու միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ավարտուն պատմվածքները փոխկապակցված են ներդաշնակ, շարունակական հյուսվածքով, որ աչքի է ընկնում իր բովանդակային և կառուցվածքային ամբողջականությամբ: Տարբեր գլուխներում հանդիպում ենք նույն հարցադրումներին, նույն լեյտմոտիվներին՝ քաղքենին և հոգսերի բեռի տակ կքած մարդու կենսագրությունը, մենության զնդանն ու սիրելի ընկերը, որ ընդունակ է անօրինակ սխրանքների, կենաց ու մահու սահմանին կանգնած մարդը, որի կյանքը կախված է թելից: «Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թ. փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին: «Այս երկը խորհրդածություն է մարդու ճակատագրի, երկրի վրա ունեցած նրա առաքելության մասին: Էքզյուպերին այս ստեղծագործությամբ մի շարք կարևոր գաղափարներ է առաջ քաշում, որոնք այսօր էլ հնացած չեն: Առաջին հայացքից Էքզյուպերիի երկերը թվում են շատ պարզ, բայց այդ պարզությունը խաբուսիկ է»,-նշում է գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը: Առաջիկայում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն Էքզյուպերիի մյուս՝ «Գիշերային թռիչքը», «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին», «Ցիտադել» գրքերը:

Նմանատիպ նյութեր