211652_close_icon
views-count3744 դիտում article-date 20:09 26-06-2018

Աղետներին պատրաստվածությունը չպետք է ունենա սահմաններով պայմանավորված արգելքներ. մեկնարկել է ՄԱԿ-ի տարածաշրջանային հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 26-ին Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը: Այս ձևաչափով տարածաշրջանային հանդիպում Հայաստանում առաջին անգամ է անցկացվում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային հանրության կողմից ԱՌՆ ոլորտում Հայաստանի առաջընթացին տրված բարձր գնահատականը և հնարավորություն ընձեռում խթանել համագործակցությունը տարածաշրջանի երկրների միջև: Միջոցառումը կազմակերպել են ՀՀ ԱԻ նախարարությունը և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը (UNISDR)` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈւՆԻՍԵՖ-ի, Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամների աջակցությամբ: Տարածաշրջանային պլատֆորմին մասնակցում են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքապետեր, խոշոր մասնավոր ընկերությունների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բացման խոսքում նշեց, որ տարածաշրջանային և առանձին երկրների մակարդակներում, որպես զարգացման հիմնական նպատակ, պետք է դրված լինի անհատի և ընտանիքի անվտանգ կյանք ու կայուն զարգացող համայնք ունենալու տեսլականը: - Աղետները սահմաններ չեն ճանաչում: Աղետների ռիսկերին պատրաստ լինելը նույնպես չպետք է ունենա սահմաններով և քաղաքականությամբ պայմանավորված արգելքներ: Ողջունելի է աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմի անցկացումը Երևանում: Հայաստանի կառավարությունը, ևս մեկ անգամ վերհաստատելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի կողմից ընդունված Կայուն զարգացման, ինչպես նաև Սենդայի աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի նպատակներին, իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու և խթանելու տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն այս ոլորտում,- եզրափակեց Ա. Միրզոյանը: ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանն իր խոսքում ընդգծեց, որ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում օրեցօր ավելացող մարտահրավերները նոր պահանջներ են թելադրում կարողությունների զարգացման առումով: Ըստ նախարարի՝ այս պարագայում կարևոր գործոն է միջազգային և տարածաշրջանային համագործակցության ու փորձի փոխանակման մշտական զարգացումը. - Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համագործակցությունը պետք է ավելի խորացվի՝ գիտակցելով, որ մեր հիմնական առաքելությունը մարդկանց բնականոն կյանքի ապահովումն է, մեր երկրների և բնակչության դիմակայունության բարձրացումը: Ես ավելի քան համոզված եմ, որ մեր շարունակական համագործակցությունը կնպաստի հուսալի և ճկուն տարածաշրջանային արդյունավետ գործող համակարգի հետագա զարգացմանը, ինչն իր զգալի ներդրումը կունենա նաև աղետների հաղթահարման միջազգային գործընթացներում, - ասաց Հ. Ռոստոմյանը: Պլատֆորմի պատվավոր հյուր՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին նշեց, որ այս միջոցառումը մեծ հնարավորություն է ուսումնասիրելու այն հեռանկարները և ճանապարհային քարտեզը, որը կազմվել էր 2016 թ. Դուշամբե քաղաքում կայացած նմանատիպ հանդիպման ընթացքում: Տիկին Միզուտորին կարևորեց նաև շինարարական նորմերի համապատասխանելիության խնդիրը՝ ընդգծելով, որ ԱՌՆ ոլորտում պետք է ակտիվ ներգրավել նաև մասնավոր ընկերություններին: Լիագումար նիստից բացի՝ պլատֆորմի ընթացքում գումարվեցին աշխատանքային նիստեր հետևյալ թեմաներով՝ «Պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության խթանում», «Հողօգտագործում և քաղաքային զարգացման պլանավորում», «Կորուստների գնահատում՝ ռիսկերի վերահանման նպատակով» և «NaTech ռիսկեր»: Միջոցառման ընթացքում Հայաստանի 3 քաղաք (Աբովյան, Վայք և Ամասիա) միացան ՄԱԿ-ի «Դարձնենք քաղաքներն աղետակայուն» գլոբալ արշավին՝ ստանալով համապատասխան վկայականներ: Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ԱՌՆ տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը հնարավորություն կտա ձևավորել համագործակցության նոր հարթակներ, կիսվել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քաղաքականությունների, ծրագրերի և ներդրումների, այդ թվում՝ զարգացման և կլիմայական խնդիրների շուրջ ունեցած փորձով ու գիտելիքներով, ինչպես նաև խթանել աղետների ռիսկի կառավարման ինտեգրումը տարբեր ոլորտներում: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր