4880 դիտում
09:28 26-06-2018
Կարո Արմեն՝ բարերար, ով օգնում է Հայաստանի գյուղերի մանուկներին․ «Ամերիկայի ձայն»
«Իմ պատմությունը հայ ազգի պատմության նման է»,- հայտնի ամերիկահայ գործարար, Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր Կարո Արմենի խոսքով, կյանքում իր մոտ ամեն ինչ սկսվել է դժվարություններով, սակայն արդյունքում՝ միշտ հաջողությամբ ավարտվել:
Երիտասարդ տարիներին Կարո Արմենը քիմիա է սովորում, այնուհետև՝ ֆինանսներ: Կյանքի ծանրագույն փորձություն էր մոր կորուստը, ով մահացել էր քաղցկեղից 47 տարեկանում.
«Դա ինձ համոզմունք տվեց, որ այդ շատ վատ հիվանդության դեմ պետք է պայքարել»:
Որոշումն ընդունված էր և 1993-ին Կարո Արմենը ստեղծում է քաղցկեղի բուժման ուղղությամբ հետազոտություններ կատարող բիոտեխնոլոգիական ընկերություն, որի կիրառված քաղցկեղի անհատական բուժման մեթոդի կարևորությունն աշխարհում սկսել են գիտակցել ընդամենը վերջին տարիներին:
«Քաղցկեղը շատ դժվար հիվանդություն է՝ յուրաքանչյուր հիվանդի դեպքում հիվանդությունը տարբեր է»:
Այն, ինչ Կարո Արմենը գիտակցեց քառորդ դար առաջ՝ իմունոլոգիայի դերի կարևորությունը քաղցկեղի բուժման գործում, համաշխարհային մակարդակով ճանաչվեց 6 տարի առաջ: Դրա շնորհիվ քաղցկեղի բուժումն այսօր որակապես նոր մակարդակի վրա է.
«Հիմա մենք բարդ քաղցկեղներն արդեն լիարժեք բուժում ենք. Օրինակ, 4-րդ կարգի մելոնոման։ Հիմա դեղեր կան, որ հիվանդների կեսը լիարժեք բուժվում է: Դա հրաշք է»:
Հրաշքներ գործելը Կարո Արմենի համար սովորական է դարձել, ասում են նրա մասին շատերը: Տարիներ առաջ նրան հրավիրել էին ղեկավարելու սնանկացման եզրին գտնվող իռլանդական դեղագործական խոշորագույն մի ընկերություն, ինչը նրան հաջողվեց փրկել և ոտքի կանգնեցնել: Այդ ժամանակ ամերիկյան մամուլը Կարո Արմենին որակեց աշխարհի լավագույն կառավարիչներից մեկը: Սակայն, նրա իրական հետաքրքրությունը եղել և մնում է Հայաստանը.
«Հայաստան այցելելիս, նկատեցի, որ մեր գյուղերում ժողովուրդը, երիտասարդները շատ տաղանդավոր են»:
Գործարարը որոշում է Հայաստանի գյուղական շրջաններում բնակվող քաղաքացիների համար նոր հնարավորություններ բացել:
«Հայաստանի ապագան միայն քաղաքի հաջողությամբ չի կարող իրականանալ: Պետք է մեր գավառների երիտասարդ սերունդը մասնակցի, և մեր գործերն արդեն այդ ուղղությամբ է, որ երիտասարդներն առիթ ունենալ իրենց երազանքներն իրականացնելու»:
Անհրաժեշտ է ցույց տալ երիտասարդներին, որ ցանկության դեպքում հնարավոր է իրականացնել ամեն ինչ, համոզված է Կարո Արմենը.
«Պետք է իրենք մտածեն, որ այն, որ չէին էլ երևակայում, իրականացվել է: Եվ կհամոզվեն, որ ամեն ինչ, ամենաբարձր նպատակները, կարող են իրականանալ: Հայ ազգն անցած 100 տարիների ընթացքում շատ դժվարություններ ուներ, այժմ, երբ առիթ ունենք, պետք է մեր ժողովրդին ուժ տանք»:
Սկսելով կրթությունից, բարերարը շուտով համոզվում է, որ այն փոխկապակցված է բազմաթիվ այլ սոցիալ-տնտեսական հարցերի հետ: Իր գործունեության մեջ Կարո Արմենն առաջնորդվում է պարզ սկզբունքով, ոչ թե թելադրել, այլ՝ լսել, թե ինչ է անհրաժեշտ գյուղացուն և այդ կարիքներն ապահովել:
«Շատ կարևոր է, որ մեր հայ ազգին ուժ տանք, որ նրանք հրաշալի գաղափարները մեջտեղ բերեն, որովհետև նրանք կարողությունն ունեն դա անելու: Հրաշալի գաղափարներ ունեն, եթե իրենց պայմանը տանք, այդ գաղափարները կիրականանան»:
Կարո Արմենի նախաձեռնությամբ Հայաստանի 900 գյուղերում հիմնադրվում են SMART կենտրոններ, որտեղ քաղաքացիները կարող են գտնել իրենց խնդիրների լուծումներ, կրթություն ստանալ և կապվել առաջադեմ աշխարհին:
«Պետք է մենք մեր բարությունը փոխանցել, որպեսզի յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր երեխայի տաղանդները բացահայտվեն: Այդ տաղանդներն իրենց բարձրագույն արդյունքը կարող են տալ, որովհետև մեր հայության պատմությունը այդպիսին է՝ Գրիգոր Նարեկացին նույնպես գյուղից էր»:
SMART-ի միջոցով Կարո Արմենը երիտասարդներին փորձում է խոշոր երազել սովորեցնել: Չէ՞ որ հայերը «պետք է գլոբալ երևակայեն», համոզված է նա:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4454195.html]«Ամերիկայի ձայն»[/url]։
Նմանատիպ նյութեր
56023 դիտում
22:04 11-08-2016
Բարերար կնոջ՝ արդեն ավանդույթ դարձած օգնության արկղերը հասան Արցախի մանուկներին և զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»