Երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել են 30-ամյա Արարատ Բադալյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 51 ST 005 համարանիշի, 58-ամյա Արշակ Դավթյանի վարած Opel Astra մակնիշի 34 NS 131 համարանիշի և 28-ամյա Վրեժ Բաբայանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 CQ 122 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով` խմբի պետ Արայիկ Հովակիմյանի գլխավորությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի