14910 դիտում
09:26 28-05-2018
Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը
Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Հարյուր տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։
1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):
Реклама 27
Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ Առաջին Հանրապետության ստեղծմամբ մեկ անգամ ևս վերահաստատվեց այն սկզբունքը, որ հայ ժողովուրդը ոչ միայն հազարամյակներ շարունակ ունեցել է պետականության վերականգնման գաղափարը, այլ նաև պատրաստակամ է եղել աշխարհաքաղաքական բարենպաստ իրողությունների պարագայում վերականգնել այն:
«Պետականության վերականգնման խորհուրդն այն էր, որ ի չիք դարձան այն բոլոր կեղծարարների պնդումները, թե Առաջին Հանրապետությունն ուղղակի որպես նվեր տրվեց մեզ, և մենք դատապարտվեցինք անկախության: Մինչդեռ Մայիսյան հերոսամարտերի իրողությունը հուշում է, որ ի տարբերություն մեր հարևանների՝ վրացիների, որոնք անկախության հասան գերմանացիների հետ գաղտնի համագործակցության արդյունքում, իսկ ադրբեջանցիները՝ օսմանյան թուրքերի հետ, մենք անկախությունը ձեռք բերեցինք Մայիսյան ազատագրական հերոսամարտերի շնորհիվ և ամենակարևորը՝ շնորհիվ Արամ Մանուկյանի, որը դեռևս երեք տարի առաջ՝ 1915 թվականի մայիսի 6-ին, նշանակվելով Վանի նահանգապետ՝ ապագա պետության մոդելը ստեղծեց և իր գործառույթներով պետականության ատրիբուտներ պարունակող կառույց ստեղծելով՝ հետագայում իր լիազորություններով գործիքակազմ կիրառեց նաև Երևանի նահանգում և նախապատրաստեց հայոց պետականության վերականգնումը»,- նշեց նա:
Աշոտ Մելքոնյանի համոզմամբ՝ եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, չէր լինի նաև Երրորդը՝ այսօրվա Հայաստանը. «Անկախության պտուղները ճաշակած հայ իրականությունը արդեն բոլշևիկների միջոցով կյանքի կոչեց Երկրորդ Հանրապետությունը, որն իր վարչաքաղաքական համակարգով լինելով միանգամայն տարբեր Առաջին Հանրապետությունից՝ նույնպես պետականություն էր իրենցից ենթադրում, և որ շատ ավելի կարևոր է՝ Հայաստանը շատ սահուն անցավ Երկրորդ Հանրապետությանը՝ 1920 թվականին դեկտեմբերի 2-ին՝ Երևանյան համագումարով: Դաշնակցությունը ստիպված իր իշխանությունը փոխանցեց բոլշևիկներին»:
Երկրորդ Հանրապետության հիման վրա էլ հիմնադրվեց արդեն երրորդ անկախ Հայաստանը: Ըստ պատմաբանի՝ Առաջին Հանրապետության գործիչների օրինակն այսօրվա իշխանություններն իրենց աչքի առջև պետք է ունենան:
«Այն ժամանակվա գործիչներն ազգի նվիրյալներ էին: Օրինակ՝ Կամո Օհանջանյանը, Հովհաննես Քաջազնունին: Քաջազնունին ուներ վեց արու զավակ, որոնցից երեքը կամավոր մասնակցեցին Առաջին աշխարհամարտին, երեքն էլ վիրավորվեցին: Զույգ զավակներից Աշոտը զոհվեց Ղարաքիլիսայում, Ռուբենը զոհվեց Կարսի անկման ժամանակ, ավագ որդի Արամը զոհվեց հայ-թաթարական կռիվների ժամանակ, մյուս զավակը զոհվեց Հայրենական պատերազմում: Նվիրյալներ էին, չէին խնայում իրենց, իրենց ընտանիքները, իսկապես նվիրված էին ազգին, և չունենալով գործիքակազմ՝ ոչնչից ստեղծեցին պետականություն: Ես կարծում եմ՝ անհատական առումով Առաջին Հանրապետության գործիչները պետք է ընդօրինակելի լինեն այսօրվա ղեկավարների համար: Հայրենիքի համար զինվոր տալը պետք է ղեկավարների համար լինի մեծագույն պատիվ և գործունեության անքակտելի մաս»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
16:16 31-01-2022
Հայաստանն ու Գերմանիան այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
21756 դիտում
10:50 30-06-2019
Այսօր Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նշում է ծննդյան 65-ամյակը
2314 դիտում
09:23 28-05-2019
Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 101-ամյակը
Այս բաժնից
1216 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
727 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
745 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին