211652_close_icon
views-count2317 դիտում article-date 09:23 28-05-2019

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 101-ամյակը

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 101-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը): Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության առաջին տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն: Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթված էին թուրքական զորքերի կողմից, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը: 1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի, Հայաստանի կազմի մեջ էին մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։

Նմանատիպ նյութեր