211652_close_icon

Պեկինից վերադարձել ենք. մագիստրոսական թեզիս վրա աշխատում եմ` գտնվելով Հայաստանում. Աննա Հակոբյան

views-count9271 դիտում article-date 11:29 02-11-2025
Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Discussion of Peaceful Coexistence from the Perspective of Confucius
Անհատների, խմբերի, պետությունների Խաղաղ համակեցության հարցի քննարկումը` Կոնֆուցիուսի փիլիսոփայության տեսանկյունից

Մագիստրոսական թեզիս թեման է, որի վրա արդեն ուղիղ մեկ ամիս է աշխատում եմ` գտնվելով Հայաստանում (Պեկինից վերադարձել ենք հոկտեմբերի 1-ին)։ Ասել էի, որ կմեկուսանամ և այս գործով կզբաղվեմ, ինչը և անում էի մեկ ամսվա ընթաքում։ Չեմ թաքցնի, որ ինձ մեծ բերկրանք է պարգևում և՛ իմ ընտրած նյութը, և՛ այս նյութի հետազոտությունը։

Միևնույն ժամանակ տանջվում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչ ցավալի, անհավասար պայմաններում եմ ինձ դրել՝ գտնվելով մեր իրականության մեջ և միևնույն ժամանակ լինելով դրանից դուրս։

Մեկուսացումը` մեկուսացում, բայց առնվազն պարբերաբար կկիսվեմ այս չքնաղ ճանպարհին իմ առաջ հառնող նոր գիտելիքներով։ Կարծում եմ` այդպես ավելի արդար կլինի, ես էլ ինձ վերջացած եսասեր չեմ զգա

Ստորև` մի քանի մեջբերում Կոնֆուցիուսի ուսմունքից։ Խնդրում եմ ընթերցելիս հաշվի առնել, որ Վարպետի և նրա սաների, Վարպետի և տարբեր իշխանների ու արքունիքի անդամների միջև զրույցները տեղի են ունեցել, և, հետևաբար, բոլոր այս մտքերը հնչել են մեզանից երկու հազար հինգ հարյուր յոթանասուն տարի առաջ (Կոնֆուցիուսը ծնվել է Մ.Թ.Ա. 551 թվականին, մահացել` Մ.Թ.Ա. 479 թվականին)։

(Մեջբերումներում կհանդիպեն «ամենաբարձր որակի մարդ՝ բարձր արժանիքներով օժտված մարդ» և «գռեհիկ մարդ՝ ցածրորակ մարդ» հասկացությունները։ Նշեմ, որ Կոնֆուցիուսի ուսմունքում առաջինը չի համարվում տեսակ, որ ժառանգվում է գեներով կամ պայմանավորված է սոցիալական կարգավիճակով։ Ցանկացած մարդ կարող է լինել «ամենաբարձր որակի մարդ». դրա համար պետք է ինքն իրեն հղկի և թրծի` որպես այդպիսին։ Մարդն իրեն կարող է հղկել և օժտել բարձր որակներով` միայն կրթվելու ճանապարհով։ Մինչդեռ, եթե մեկը կրթվել է, սակայն մնացել է գռեհիկ և ցածրորակ, նշանակում է` սխալ է կրթվել և զուր է կրթվել)։

Վարպետն ասաց. «Ջենտլմենը (բարձր արժանիքներով օժտված տղամարդը) խուսափում է մրցակցությունից: Իսկ եթե նա, այնուամենայնիվ, պետք է մրցի, ապա թո՛ղ դա լինի նետաձգության մեջ: Այստեղ, երբ նա խոնարհվում կամ քաղաքավարություններ է անում մրցելուց առաջ կամ հաջորդող կերուխումի ժամանակ, մնում է ջենտլմեն: Նա այդպիսին է մնում անգամ մրցելիս»: (The Text of The Analects, Chapter 3, 3.7.)

Վարպետն ասաց. «Պարզի՛ր, թե ինչու է այդ մարդը գործում, հետևի՛ր, թե ինչպես է գործում, ուսումնասիրի՛ր, թե որտեղ է նա իր խաղաղությունը գտնում: Արդյո՞ք նա դեռ կարող է որևէ բան թաքցնել»: (The Text of The Analects, Chapter 2, 2.10.)

Վարպետն ասաց. «Կրթվելն առանց մտածելու անօգուտ է, մտածելն առանց կրթվելու` վտանգավոր»: (The Text of The Analects, Chapter 2, 2.15.)

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը հաշվի է առնում այն, ինչն արդար է, գռեհիկ մարդը՝ այն, ինչ նպատակահարմար է»: (The Text of The Analects, Chapter 4, 4.16.)
Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը թեթև է և ազատ, ցածրորակ մարդը միշտ լարված է և անհանգիստ»: (The Text of The Analects, Chapter 7, 7.37.)

Վարպետն ասաց. «Մարդը կարող է օժտված լինել հիանալի տաղանդներով, բայց եթե նա ամբարտավան և չար է, նրա բոլոր արժանիքներն անօգուտ են»: (The Text of The Analects, Chapter 8, 8.11.)

«Վարպետը մեծապես խուսափում է 4 երևույթից՝ քմահաճույք, դոգմատիզմ, կամայականություն, ինքնակարևորում»: (The Text of The Analects, Chapter 9, 9.4.)

Վարպետն ասաց. «Հին ժամանակներում մարդիկ կրթվում էին իրենց կատարելագործելու համար, հիմա կրթվում են ուրիշների վրա տպավորություն թողնելու համար»: (The Text of The Analects, Chapter 14, 14.24.)

Վարպետն ասաց .«Նա ինձ ոչնչով չի օգնում. նա գոհ է իմ ասած ամեն ինչից»: (The Text of The Analects, Chapter 11, 11.4.)

Կոնֆուցիուսն ասաց. «Կա ընկերության երեք տեսակ, որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար, և երեք տեսակ, որոնք կարող են վնասել ձեզ։ Ուղղամիտների, վստահելիների և կրթվածների հետ ընկերությունից կշահենք, խորամանկների, ստրկամիտների և անտարբերների հետ ընկերությունից կվնասվենք»: (The Text of The Analects, Chapter 16, 16.4.)

Վարպետն ասաց.«Ես չեմ կարող ընկալել այն մարդկանց, ովքեր ընդունակ են մի ամբողջ օր միասին խելոք քննարկումներ անցկացնել և այդ ընթացքում չհնչեցնել գեթ մեկ ճշմարտություն» (The Text of The Analects, Chapter 15, 15.17.)

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդն օգնում է ուրիշներին հասկանալ, թե ինչն է իրենց մեջ լավը։ Նա չի օգնում ուրիշներին հասկանալ, թե ինչն է իրենց մեջ դատապարտելի։ Գռեհիկ մարդն անում է ուղիղ հակառակը»: (The Text of The Analects, Chapter 12, 12.16.)

Դուքսը Կոնֆուցիուսին հարցրեց, թե ինչպես է պետք կառավարել: Կոնֆուցիուսը պատասխանեց. «Կառավարել նշանակում է ուղղել։ Երբ դու օրինակ ես ծառայում՝ ուղղելով քո սխալները, ո՞վ կհամարձակվի չուղղել իր սխալները»: (The Text of The Analects, Chapter 12, 12.17.)

Դուքսը հարցրեց. «Ես ի՞նչ պետք է անեմ մարդկանց սրտերը գրավելու համար»: Կոնֆուցիուսը պատասխանեց. «Գնահատի՛ր ուղղամիտներին և նրանց ավելի մեծ տեղ տու՛ր, քան ոչ ուղղամիտներին: Եթե հակառակն անես, կզրկվես մարդկանց աջակցությունից»: (The Text of The Analects, Chapter 2, 2.19.)

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը կամաչեր, եթե իր խոսքերը չհամընկնեին իր արարքների հետ»: (The Text of The Analects, Chapter 14, 14.27.)

Կոնֆուցիուսին հարցրեց, թե ինչպես պետք է ծառայություն մատուցել արքայազնին: Վարպետը պատասխանեց. «Ասա՛ նրան ճշմարտությունը, եթե նույնիսկ դա կվիրավորի նրան»: (The Text of The Analects, Chapter 14, 14.22.)

Այսքանը: Եթե ցանկանում եք ևս մեկ անգամ վերընթերցել իմ առանձնացրած կտորները, խնդրեմ՝ համեցեք: Բայց այդ ընթացքում անպայման մտապահեք, որ այս մտքերն արտահայտվել են մեզանից 2570 տարի առաջ:

Դա ստիպում է գիտակցել, թե որքա՜ն անցողիկ և աննշան է մեր գոյությունը, և որքա՜ն հին և մնայուն է այն արատը, որի օրենքներով ապրելով վատնում ենք մեր այս կարճ կյանքը։

Ինչո՞ւ. որովհետև չգիտենք` այլապես` ինչպե՞ս։
Կոնֆուցիուսից 2570 տարի անց՝
Կրթվե՛նք և մեզ հղկե՛նք
Կրթվե՛նք և բարձր արժանիքներով օժտվե՛նք
Կրթվե՛նք և որակ ստանա՛նք
Կրթվելը նորաձեւ է

 

Նմանատիպ նյութեր